Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը նոր մեղադրանք ներկայացրեց Սեյրան Օհանյանին

Հունվար 23,2025 15:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում (նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյան) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը որոշեց նոր մեղադրանք առաջադրել Սեյրան Օհանյանին։

Նա, մասնավորապես հայտարարեց․ «Մեղադրանքի կողմը որոշեց Սեյրան Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի առաջին մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխել և նրան նոր մեղադրանք ներկայացնել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին՝ նախատեսված պահանջի սպառնալիքով արգելված այն հանցանքի կատարման համար, որ նա, 2008-ին հանդիսանալով ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից, ինչով էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավական և օրինական շահերին, պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Մեղադրող դատախազը դատարանի դահլիճում ընթերցեց մեղադրանքի ամբողջ տեքստը, որում, մասնավորապես ամրագրված է․ «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ցանկանալով իշխանական համակարգը պահելու իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական-քաղաքական գործընթացների վրա ազդեցությամբ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացները ապօրինի վերահսկելու նպատակով ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ ՊՆ տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի և այլ անձանց հետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հետ կատարել են իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ գործողություններ՝ զինված ուժերին, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ և այլ ապօրինի գործողություներով, կոպիտ կերպով խախտել են սահմանադրական կարգը, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031