«Իշխանությունները կեղծ հայտարարություն են անում, թե գնում են խաղաղության, իրականում այս խաղաղության տակ թաքնված է ամենամեծ հանձնումը, ամենամեծ կորուստները»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա անդրադարձավ նաեւ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու նախագծին։ Ըստ նրա՝ իշխանությունների արկածախնդրային այս քաղաքականությունը, որը բերվում է օրակարգ, հերթական քայլն է՝ պառակտելու հասարակությանը։ «Էլ չասած այս փաստաթղթի իրավական աբսուրդի մասին, նման օրենք ուղղակի չի կարող ընդունվել, որովհետեւ սա օրենք չէ, օրենքի ոչ սահմանմանը, ոչ մեկնաբանմանը, ոչ մի կանոնով ենթակա չէ սա օրենք դառնալու։ Սա լավագույն դեպքում կարող է լինել հայտարարություն, ուղերձ»,- ասաց նա։
Ըստ Մինասյանի՝ ԵՄ անդամակցությունը ենթադրում է կոնկրետ գործընթացներ, որոնք նկարագրված են միջազգային պայմանագրերի մասին օրենքով։ Թող մտնեն Սահմանադրական դատարան, ՍԴ-ն ինքն էլ գնահատի՝ արդյոք այսպիսի առաջարկը կարող է օրենք դառնալ, թե՞ ոչ։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Մինասյանն ասաց․ «Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինի ամբողջական, պետք է լինի համաչափ, բավարարի միջազգային չափանիշների, որ որեւէ ճանապարհային ենթակառուցվածք դրա հետեւանքով չի կարող հանձնվել թշնամուն։ Այն, ինչ անում է օրվա իշխանությունը, ոչ միայն անտրամաբանական է, այլ նաեւ անբացատրելի է։ Այսինքն՝ միջազգային փորձում անգամ նման վարքագիծ կամ չեք հանդիպի, կամ այնքան քիչ կհանդիպեք, երբ այլեւս հանձնվողը որեւէ շանս չունի՝ իր շահերը պաշտպանելու։ Սթափությունը պահանջում է, որպեսզի համախմբվենք՝ մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու եւ նման վարքագծերը կանխելու համար»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ