«Հայաստանի դիրքորոշումը հստակ ձեւակերպված է օրակարգային հարցերով: Մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը ապաշրջափակումն է, Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը», որը մեր տեսլականն է:
Բացի դրանից՝ եւ Խաղաղության պայմանագրի, եւ սահմանազատման հարցերով շարունակում ենք շարժվել առաջ, խաղաղության օրակարգը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը»,-ճեպազրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որն է Հայաստանի իշխանությունների պատասխանը Ալիեւին, երբ նա խոսում է Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներից եւ սպառնալիքներ է ներկայացնում, իսկ Հայաստանը խոսում է խաղաղությունից:
Դիտարկմանը, որ դրան հակառակ՝ Ալիեւը ռազմատենչ հայտարարություններ է անում, ԱԽ քարտուղարն այսպես արձագանքեց. « Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր գոյություն ունեցող հարցերում: Արդեն նշեցի, որ ապաշրջափակման հարցում մենք առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկը», լուծումներ ենք առաջարկել նաեւ Խաղաղության պայմանագրի հարցում»:
Հարցին՝ կա՞ որոշակի համաձայնություն խաղաղության պայմանագրի այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերը համաձայնության չէին գալիս, Արմեն Գրիգորյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Մենք առաջարկություններ ենք փոխանցել Ադրբեջանին եւ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին: Խոսքը երկու հոդվածների մասին է, որոնց վերաբերյալ վերջնական համաձայնության չենք եկել, բայց հուսով ենք, լուծում կգտնվի»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ Թրամփ-Փաշինյան հեռախոսազրույցից հետո ինքը եւ Արարատ Միրզոյանը փորձել են Թրամփի վարչակազմի համապատասխան պաշտոնակիցների հետ խոսել, սակայն հեռախոսազանգերը տեղի չեն ունեցել, քանի որ ամերիկյան կողմը ցանկություն չի ունեցել խոսել: «Ընդհանրապես ԱՄՆ-ում որոշակի սահմանափակումներ կան, գալիք պաշտոններ զբաղեցնողները որոշակի սահմանափակումներ ունեն: Մենք, բնականաբար, ցանկություն կունենանք հեռախոսազանգեր կազմակերպել, երբ իրենք պաշտոնի կանցնեն: Խոսքը միայն հեռախոսազանգերի մասին չէ, ընդհանրապես ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատանքի մասին է: Մեր ամբողջ թիմն աշխատանքներ է տանում, որպեսզի նոր ընտրված կամ պաշտոնի անցած նախագահ Թրամփի թիմի հետ աշխատենք»:
Նա նաեւ հավելել է, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ օրակարգը շատ լավ հիմքերի վրա է, մանավանդ՝ ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայից հետո:
ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցի մասին խոսելով՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ իրենց բոլոր որոշումները հրապարակային են, եւ ՀԱՊԿ-ի հետ կապված որեւէ որոշում գաղտնի չի կարող լինել: «Մենք իրավիճակը գնահատում ենք եւ ըստ դրա ենք որոշում կայացնում»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ հայկական կողմը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ընթացքում կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չի տորպեդահարելու:
Մանրամասն` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ