Civilnet. ՀՀ Արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) Հայաստանի 2025-ի ռիսկերի շարքում հատուկ ուշադրություն է հատկացնում կեղծ խոսույթ ձևավորող, մանիպուլացնող գնահատականներ տարածող «փորձագետների» և «բլոգերների» կուլտիվացմանը։ ԱՀԾ-ի պատրաստած «ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» կանխատեսում-զեկույցում հատուկ բաժին է հատկացված երկրին սպառնացող տեղեկատվական ռիսկերին։ Զեկույցի այդ մասից հատվածներ առանձնացված են ստորև։
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ աճում են հանրային կարծիքը դրանց օգտագործմամբ մանիպուլացնելու հնարավորությունները։ Որպես հիբրիդային ճնշման գործիքակազմի մաս, ավելանում են որոշ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խեղաթյուրված տեղեկություններով թիրախավորելու, մեր տեղեկատվական տիրույթում Հայաստանի շահերին հակասող խոսույթներ ներմուծելու դեպքերը՝ մեր ներքաղաքական կյանքին միջամտելու, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գործողություններն ուղղորդելու նպատակով։
Ծառայության ուշադրության կենտրոնում գտնվող տեղեկատվական ռիսկերը Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հիբրիդային գործողությունների մաս են կազմում։ Այդ ռիսկերին առնչվող գործիքակազմը ներառում է ինչպես տեսանելի քարոզչությունը, երբ իրականացնողը հայտնի է, այնպես էլ՝ քողարկված քարոզչությունը, ընդ որում, շատ դեպքերում քարոզչության նշված տեսակները կիրառվում են միաժամանակ։ Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների կամ նրանց հետ կապված աղբյուրների միջոցով։ Վերջին շրջանում նոր միտում է քարոզչության մեջ անմիջապես հատուկ ծառայությունների ներգրավումը, որոնք «երրորդ պետություններից ստացված հետախուզական տեղեկություններին» հղում անելով, ներքաղաքական և աշխարհաքաղաքական կեղծ խոսույթ ձևավորող ուղերձներ են տարածում։ Քողարկված քարոզչության մեջ ներգրավված են հայկական կամ օտարերկրյա ներկայացող լրատվամիջոցներ, հայազգի կամ հայազգի ներկայացող անձինք, ինչպես նաև օտարազգի ներկայացող «անկախ» փորձագետներ, որոնց ֆինանսավորման աղբյուրները և մոտիվացիան այլ են։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: