Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով։
Անբավարար ընթացակարգային երաշխիքներ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի գործում
«Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» (դիմում թիվ 20140/23) գործը վերաբերում է պրն Անտոնյանի՝ 2023 թվականի հունվարին Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի պաշտոնից ազատելուն։ Նա 2009 թվականին նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր՝ մինչև 65 տարեկանը պաշտոնում մնալու իրավունքով։
«ԲԴԽ նախագահ Կ․Ա-ի և Արդարադատության նախարար Գ․Մ-ի միջև հարաբերությունների մտերմությունը այնպիսին էր, որ կարող էր կասկածներ առաջացնել ԲԴԽ նախագահի անաչառության վերաբերյալ։ Կ.Ա.-ն անմիջապես չի տեղեկացրել ԲԴԽ-ին իր ընկերության և կնոջ բիզնես կապերի մասին Գ.Մ.-ի հետ, ինչպես պահանջվում էր Դատական օրենսգրքի 71-րդ և 88-րդ հոդվածներով՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու նպատակով: Նույնիսկ Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի միջև ուղղակի ֆինանսական կապի բացակայության պայմաններում, այն փաստը, որ նրանք ընկերներ էին, և որ Կ.Ա.-ի կինը և Գ.Մ.-ն ունեին համատեղ բիզնես շահեր, պետք է զգուշացներ նրան, որ իր անաչառությունը կարող է կասկածի տակ դրվել, և պետք է հանգեցներ 71(1) հոդվածով նախատեսված ծանուցման»։
Կարդացեք նաև
«ԲԴԽ-ն անդրադարձել է միայն դիմումատուի պնդմանը Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի կնոջ միջև տնտեսական կապերի վերաբերյալ՝ առանց որևէ պատասխան տալու դիմումատուի կոնկրետ փաստարկներին Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի սերտ անձնական հարաբերությունների և դրանց՝ Կ.Ա.-ի որոշումների կայացման վրա ազդելու հնարավորության վերաբերյալ։ Բացի այդ, «Անտոնյանն ընդդեմ ՀՀ» գործում Կ.Ա.-ն եղել է ԲԴԽ նախագահը և դիմումատուի գործով զեկուցողը, որը ղեկավարել է քննարկումները և եղել գլխավորը»,- նշվում է ՄԻԵԴ վճռում։
Այսօրվա գործով պալատի վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն արձանագրել է՝
խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ ԲԴԽ նախագահի (Կարեն Անդրեասյան-խմբ.) անկողմնակալության պակասի առնչությամբ, և
առանց խախտման 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք)՝ Բարձրագույն դատական խորհրդի անկախության և պրն Անտոնյանի՝ դատարան դիմելու իրավունքի պակասի առնչությամբ։
Դատարանը, մասնավորապես, գտել է, որ ոչ դատական անդամների նշանակման կարգը չի կարող համարվել Բարձրագույն դատական խորհրդի անկախության խոչընդոտ։ Մասնավորապես, ինստիտուցիոնալ և գործառնական կարգավորումները բավարար ձևական երաշխիքներ են տրամադրել, և ԲԴԽ-ն գործել է որպես 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «դատարան»։
Միևնույն ժամանակ, Դատարանը գտել է, որ ԲԴԽ-ն չի կարողացել փարատել պրն Անտոնյանի՝ խորհրդի նախագահի անկողմնակալության վերաբերյալ հիմնավոր կասկածները և նրան չեն տրամադրվել բավարար ընթացակարգային երաշխիքներ այս առումով։
Արդարացի փոխհատուցում (41-րդ հոդված)
Գույքային վնասի առնչությամբ Դատարանը գտել է, որ լավագույն փոխհատուցումը կլինի գործի վարույթի վերաբացումը՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, եթե պրն Անտոնյանը այդպես պահանջի։
Դատարանը որոշել է, որ Հայաստանը պրն Անտոնյանին վճարի 3,600 եվրո՝ ոչ գույքային վնասի համար, և 1,420 եվրո՝ ծախսերի և ծախսումների համար։