«Մենք երկրում ունենք ավելի քան 400 արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ եւ մարզադպրոցներ, որտեղ սովորում են ավելի քան 100 հազար երեխաներ: Եվ այս օրենսդրական փոփոխությամբ մենք առաջարկում ենք առանձին լիազորող նորմով սահմանել այս հաստատություններում աշխատող մանկավարժների, վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ նկարագիրը, ինչը թույլ է տալու հասկանալ՝ որն է ծառայությունների տրամադրման ստանդարտը»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության նիստում ներկայացնելով Կրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման փաթեթը:
«Առաջարկում ենք հաստատել եւ այդ լիազորությունը վերապահելով կրթության ոլորտի լիազոր մարմնին՝ տարաբնույթ ծրագրերի իրականացման երաշխավորման կարգը, որպեսզի կարողանանք նաեւ բովանդակային իմաստով վերահսկել այն բովանդակությունը, որը արտադպրոցական հաստատությունները իրականացնում են: Նախագծով հստակեցվում են նաեւ ֆինանսավորման ընթացակարգերը, որովհետեւ այս հաստատությունները պետական բյուջեից տարբեր ծրագրերի շրջանակներում ֆինանսավորում են ստանում, սակայն ֆինանսական ընթացակարգերը որեւէ հստակ կանոններ չունեն»,-ընդգծել է Անդրեասյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ