ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը «Հայելի» ակումբում ամփոփեց ԱԺ հերթական նիստերը:
«Ցավոք սրտի, էլի ոչ մի լավ նորություն չկա: Հերթական անգամ ապազգային, ապապետական օրակարգ: Սա դեկլարատիվ հայտարարություն չէ, որովհետեւ սրանց բոլոր նախագծերը խոսում են դրա մասին: Մի երկիր, որի կրթության, գիտության, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հիմնական գործառույթը ԱԺ բերելը եւ այդ ուսապարկերի կողմից վավերացնելն է այն, որ «ազգային» բառը բոլոր մշակութային կենտրոններից պիտի հանվի, որ Օպերայի եւ բալետի թատրոնը ազգայինի հետ կապ չունի եւ այդ բառը պետք է հանվի: Բերում են նախագծեր, որով նույնիսկ որտեղ ազգայինի, հայկականի մասին հիշատակում կա, պետք է ամբողջը հանել, որպեսզի երբեք հայ ազգը, ժողովուրդը հանկարծ հնարավորություն չունենա իր արժանապատվությունը պահպանել թեկուզ այդ լեզվամտածողության մակարդակով: Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումները, մեր պատմության նկատմամբ ունեցած ատելությունը բերում, հասցնում են նույնիսկ ԱԺ օրակարգ, անգամ օրենքներից են ջնջում «հայկական», «հայկականություն» եւ «ազգային» բառերը:
Ցավալի է, որ այդ իրականությունը Հայաստանում շարունակվում է: Բայց մյուս կողմից, գուցե, այնքան էլ հաճելի չէ լսել, բայց իրական է այն փաստը, որ զավթված պետությունում սա տրամաբանական է: Չի կարող լինել զավթված պետություն, ինչպիսին մերն է, որտեղ պետական ամբողջ ապարատը զավթվել է, ուրեմն էլ ինչի՞ պիտի ԱԺ դահլիճը զավթած կառույցը եւս չարտահայտի հակահայկականությունը, որը տածում է Նիկոլը: Այն ատելությունը, որ ինքը տածում է, գալիս ու ամբիոնից էլ ամբողջությամբ շպրտում է հայ ժողովրդի վրա՝ փորձելով բոլորիս համոզել՝ իբր ինքը փորձում է կանոնակարգել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Անդրադառնալով Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության առաջադրմանը՝ Աննա Մկրտչյանը ասաց. «Ես վստահ եմ, որ եթե Կարեն Անդրեասյանը կարող էր լինել ԲԴԽ-ում, դրա նման բարոյական, մասնագիտական, մարդկային արժանապատվություն չունեցող որեւէ մեկ այլ մարդու լինելու մեջ տարբերություն չկա: Ընդ որում, խոսքը միայն Կարեն Անդրեասյանի մասին չէ: ԲԴԽ-ում անդամներ կան, Սահմանադրական դատարանի դատավորի աթոռներին նստած մարդիկ կան, որոնք լինելով, իբր, պրոֆեսիոնալ իրավաբաններ, իրենք իրենց այդպես են հռչակում, Նիկոլը իրենց համար տեղերը բռնազավթեց ՍԴ-ում, որպեսզի գնան, նստեն ՍԴ դատավորի աթոռին: Հետեւաբար, տրամաբանական է, որ Սիրունյան Ալիկ պիտի լինի, Կարեն Անդրեասյան պիտի լինի: Դա է Նիկոլի էությունը:
Կարդացեք նաև
Գիտե՞ք նաեւ ինչն է Սիրունյան Ալիկի ֆենոմենը: Նա բացահայտեց ոչ միայն իրենց կրթության որակը, այլեւ նիկոլաստրուկ իրավապահ համակարգը, որի մասին մենք անդադար խոսում ենք: Արմեն Գրիգորյանին այս նիկոլաստրուկ համակարգը սպանեց ճշմարտությունը ասելու համար: Բայց դա փաթեթավորում էին որպես ազգային, էթնիկ, ինչ-որ ներազգային հարցերով: Ինչպե՞ս էին ԱԱԾ պատվազուրկ ծառայողները դիմակներով Արմենին տանում, ասես, դավաճան լիներ: Բա, Սիրունյան Ալիկին չեք տեսե՞լ, այդ նույն օպերացիան նրա նկատմամբ պիտի չարվի՞: Չէ, որովհետեւ Սիրունյան Ալիկի տեքստերը նույնական են Նիկոլի տեքստերի հետ:
Մենք մոռացե՞լ ենք 2020 թվականի պատերազմից հետո, 2023 թվականին Արցախում տեղի ունեցած ցեղասպանության ու էթնիկ զտումներից հետո ինչպես էր Նիկոլը թիրախավորում արցախցիներին, ինչպես էր ասում, որ հինգ հազար դրամով միտինգի գնացող են: Այսինքն, ներազգային այդ թշնամանքը, ատելության սերմանումը, որ խրախուսում է Նիկոլը, հեղինակազրկված ԱԱԾ-ում չեն տեսնո՞ւմ:
Այսօր ինչ պատկեր տեսնում ենք Բաքվի դատարանում, դրա հիմքը դրել է Նիկոլը: Ընդ որում, ոչ միայն գաղափարական, այլ նաեւ գործնական քայլերը ձեռնարկելով: Հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այդ կեղծ, շինծու դատավարության մեջ, ես վստահ եմ, բազմաթիվ հատորներ են լինելու, որտեղ ուղղակի Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջբերված են լինելու որպես Ադրբեջանի դատախազության մեղադրական եզրակացություն»,-ասաց Աննա Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ