Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղից չենք խոսում․ դատավորը նկատողություն հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին

Հունվար 23,2025 13:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիստը շուրջ 20 րոպե ուշացումով ենք սկսել թարգմանչի չներկայանալու պատճառով»,-Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստի մեկնարկին տեղեկացրեց նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Այնուհետև ՀՀ երկրորդ նախագահի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենց համար ընդունելի չէ, երբ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնում են մեղադրյալի դատավարական կարգավիճակով․ «Ի՞նչն է այդ սկզբունքային հարցի պատճառը, երբ մեղադրանք չկա, բայց օգտագործվում է մեղադրյալ եզրույթը։ Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ համար է մշտապես նշված ձևակերպումն օգտագործվում։ Սա մեզ համար անհասկանալի և, մեղմ ասած, ոչ ընդունելի է»։

Դատավորն արձագանքեց՝ առնվազն երկու անգամ այդ առարկությունը չի ընդունվել դատարանի կողմից․ «Դատարանը չի ընդունել ու չի ընդունելու այդ առարկությունը։ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որը վերացված չէ»։

Ռոբերտ Քոչարյանը նստած տեղից հարցրեց՝ ո՞ր հոդվածով։ Նախագահող դատավորը նրան նկատողություն արեց՝ տեղից չեն խոսում ու ասաց․ «Եթե ուզում եք հերթական անգամ լսել․․․»։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց՝ «Այո, ուզում եմ հերթական անգամ լսել»։ Դատավորն այս արտահայտությունից հետո հայտարարեց․ «Մեղադրյալ Քոչարյան, դատարանը Ձեզ նկատողություն է հայտարարում տեղից արձագանքելու համար»։ Ռոբերտ Քոչարյանն ի պատասխան ասաց՝ շատ բարի։

Այնուհետև միջամտեց Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանը․ «Առարկությունների՝ Ձեր չընդունելն ունի իրավական հետևանքներ հաջորդ ատյաններում կամ այլ դատավարական գործընթացների շրջանակներում»։ Դատավորը հարցրեց՝ ունի հետևանքնե՞ր, թե կարող է ունենալ հետևանքներ։ Արամ Օրբելյանը պատասխանեց․ «Ունի հետևանքներ։ Քննարկման ժամանակ միշտ կարող են բերվել փաստարկներ, միշտ կարող ենք ասել, որ բարձրացված է առարկություն այս հարցի վերաբերյալ։ Հետևանք այս իմաստով, այլ բան մի մտածեք։ Դատական նիստի ժամանակ ցանկացած բան ես նկատի ունեմ իրավաբանական փաստերի ներքո»։

Դատավորն ասաց՝ ձեր առարկությունն արձանագրվեց, բայց չի ընդունվում։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031