Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե պետք է ամրագոտի կապել, այլ կապողներին տուգանել

Հունվար 23,2025 13:00

Ես 65 տարվա սիրողական վարորդ եմ: Երբ սկսեցի մեքենա վարել, արտադրվում էին «Վոլգա», «Մոսկվիչ», «Պոբեդա», նաեւ կար «Մերսեդես», «Օպել», «Ֆիատ», բայց ոչ մեկը չէր արտադրվում ամրագոտիներով: Վարորդները նստում եւ իջնում էին մեքենայից ազատորեն: Ու հանկարծ մարդկանց մի խումբ մտածեց եւ իրագործեց ամրագոտիները բոլոր արտադրվող ավտոմեքենաների մեջ, որը, իհարկե, շատ ճիշտ էր եւ տեղին այն մեքենաների համար, որը վարում էին մայրուղիներում, բնակավայրերից դուրս, վարորդներն իրենց զգում էին ազատության մեջ, եւ ինչ ազատություն ուզում էին, բացում էին, բայց երբ այդ գերազանց արագությամբ վթարի էին ենթարկվում կամ ճանապարհից դուրս ընկնում, կատարվում էր աղետալին: Վարորդները կամ ուղեւորները հարվածի հետեւանքով դուրս էին շպրտվում՝ դիմապակու կամ լուսամուտների ապակիները կոտրվելու հետեւանքով, որի վերջնակետը լինում էր մահը:

Այսինքն, ամրագոտիները շատ ճիշտ են բնակավայրերից դուրս մեքենա վարելու ժամանակ, հետեւաբար, ժխտել չի կարելի, դա միակ ճիշտ օգտակարությունն է: Իսկ մնացած բոլոր դեպքերում ամրագոտիները վնաս են պատճառում մարդ-վարորդներին, եւ երթեւեկողներին, այդ բրեզենտյա ոչ ճկուն, լայն պարանը նստողի մի անկյունից գնում է մյուս անկյունը՝ կիպ ընդգրկելով վարորդին կամ երթեւեկողներին, գամում է նրանց նստատեղերին, այդ հաստ ժապավենը ընդգրկում է կրծքավանդակը, թույլ չի տրվում սրտի լիարժեք աշխատանքին (շնչառությանը), ազդում է ստամոքսի, լյարդի աշխատանքի վրա, սեղմում է արյան անոթները, հատկապես զարկերակները, նեղացնում է նրանց լուսանցքը, եւ ինքնըստինքյան բարձրանում է արյան ճնշումը:

Լինում է եւ հակառակը. արյունը բավարար ձեւով չի բարձրանում եւ սնում ուղեղը, որի հետեւանքով լինում է գիտակցության կորուստ (լրիվ կամ կիսատ), ու հաճախ վարորդն անկախ իրենից ղեկը կառավարել չի կարողանում եւ վարում է դիմացից եկող մեքենայի վրա, դեմ հանդիման: Դեպքի վայրում հետազոտություն կատարողները եւ անգամ Գագիկ Շամշյանը մնում են զարմացած, թե ինչու մեքենայի ղեկը չի թեքվել կամ ուղիղ գնացել: Իհարկե, չեն կասկածել, որ արյան շրջանառության խանգարման հետեւաքով է դա, պատճառն այդ չարաբաստիկ ամրագոտիներն են:

Ինչ կարիք կա Երեւան քաղաքի մեջ ամրագոտի կապել, այն դեպքում, երբ ժամեր է պետք քաղաքի մի մասից մյուս մասը գնալու համար:

Խցանումներն այնքան շատ են, հատկապես աշխատանքի ժամերից հետո, որ անձը հիասթափվում է սեփական մեքենայով քաղաքում երթեւեկելուց, մանավանդ որ, շատ հաճախ իջնում ես գնումներ կատարելու կամ որեւէ գործողություն կատարելու, անընդհատ անջատում եւ միացնում ես այդ ժապավենի ամրացնող սարքը, հոգնեցնելով ինքդ քեզ:

Հաճախ մարդաշատ քաղաքներում վթարի ենթարկված ավտոմեքենայից չեն կարողանում հանել վարորդին կամ ուղեւորին, քանի որ ամրագոտին փակող-բացող մեխանիզմը վնասված է լինում, անհնար է լինում այն արձակելը, մինչեւ փրկարարների ժամանումը, բայց կարող է այդ ընթացքում մեքենան այրվել, մարդիկ էլ հետը:

Պետությունն էլ թքած ունենալով այդ ամենի վրա, աջ ու ձախ տուգանում է վարորդներին՝ ամրագոտիներ չկապելու համար, առանց հասկանալու, որ խիտ բնակեցված վայրերում խցանումների ժամանակ ոչ թե պետք է ամրագոտի կապել, այլ կապողներին տուգանել, քանի որ նրանք իրենց կյանքը եւ առողջությունը վտանգի տակ են դնում:

Քաղաքներում երբեք չես կարող մեքենա վարել սահմանված նորմայով (60 կմ/ժամ), այդ արագությունը 20 կամ 10 կմ/ժամ է, ինչ օգուտ կարող է տալ այդ բրեզենտյա ժապավենն այդ արագությամբ ընթացող վարորդին կամ ավելին՝ հետին նստատեղերում նստածներին, եթե անգամ վթար լինի: Ուրեմն, անհիմն է, անմիտ եւ անօգուտ մի գործողություն, որը թեորիապես ճիշտ է, բայց պրակտիկայում՝ ոչ ճիշտ:

Օրենքները, երբ ընդունվում են, դրանք պետք է լիարժեք ծառայեն ժողովրդին, հօգուտ նրա, այլ ոչ թե դառնան դոգմա, որը որպես ուղեցույց ծառայում է մարդկությանը: Փաստն այն է, որ աշխարհում շատ օրենքներ են գրվել, հետո՝ վերացվել:

Խորհուրդ եմ տալիս պետավտոտեսչությանը, երիտասարդ պարեկներին, որ չհիմնվեն այդ ոչ ճիշտ օրենքի վրա՝ խցանումներով հագեցված քաղաքներում, բայց հակառակը, շատ մեծ խստությամբ վերաբերվեն մայրուղիներում երթեւեկող ավտոմեքենաներին, որոնք չեն կրում ամրագոտիներ, քանի դեռ օրենքը ուժի մեջ է:

ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բժիշկ-թոշակառու

«Առավոտ» օրաթերթ
22.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ողջ աշխարհում էլ ձեզանից ավելի խելացի բժիշկ-թոշակառու չկա՞ր։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031