Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն արդեն պետք է փոխված լիներ»․ Հայկ Մամիջանյան

Հունվար 23,2025 12:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայ-ռուսական հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարի կողմից կար մի շատ հետաքրքիր հիշատակում՝ ինքը ՀՀ-ն համարեց ՌԴ համար բնական դաշնակից։ Նախկինում նման որեւէ ձեւակերպում չի եղել ռուս որեւէ պաշտոնյայի կողմից հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Այդ մեկ բառը շատ կարեւոր է, որովհետեւ այդ հարաբերությունները ռազմավարական ու դաշնակցային էին, ոչ թե բնական դաշնակցային։ Այդ բառն իմաստ ունի, որը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են հասցրել հայ-ռուսական հարաբերություններն այս իշխանությունները»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանը նշեց, որ իշխանությունների «խաղաղության խաչմերուկը» բանակցային սեղանին չէ, չի քննարկվում որեւէ տեղ։ Այսինքն՝ եթե իշխանությունները տրանսպորտային ապաշրջափակում տրամաբանությունը կառուցում են այդ ուղիով, ապա իրենց ոչ մեկը բանի տեղ չի դրել։ «Ըտենց վաղն էլ Փաշինյանը կարա հայտարարի, որ ճոպանուղի է բացում, իր ֆանտազիաները կարա մենակ իր ընտանեկան փոդքասթում քննարկի»,- ասաց նա։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի փաստաթղթին՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները չպետք է ափալ-թափալ կատարեին այդ փաստաթղթի բոլոր կետերը՝ առանց դրանք կապելու այն կետերի հետ, որոնք քիչ թե շատ նվազ վնաս են հասցնում ՀՀ-ին։ «Նախ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի բովանդակությունը, կարո՞ղ է ես եմ ստորագրել, Փաշինյանն է ստորագրել։ Եվ եթե որեւէ երկիր հիմա այդ փաստաթուղթը տարընթերցում է, դա իր մեղքն է, կարդայիր ստորագրելուց առաջ։ Եթե դրա բազմաթիվ կետեր չեն իրականացվել, բա ո՞ւմ պետք է պատասխանատվության հրավիրենք հիմա, իհարկե, Փաշինյանին»,- հավելեց նա։

Անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթղթին եւ հարցին, թե ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին, Մամիջանյանն ասաց, որ այդ փաստաթուղթը հայ-ամերիկյան վերջին տարիների հարաբերությունների արդյունք է։ «Երկրորդ, նմանօրինակ փաստաթուղթ ԱՄՆ-ն կնքել է Աֆղանստանի հետ, որ դուք պատկերացնեք, թե այդ փաստաթուղթն ինչքան փրկություն է բերում։ Այդ փաստաթուղթը չունի որեւէ ռազմական կամ պաշտպանական աջակցության բաղադրիչ, հանած զինվորականների վերապատրաստման ծրագրերը։ Այսինքն՝ բոլոր այն քարոզիչները՝ իշխանական եւ մերձիշխանական, որոնք դա ներկայացնում են որպես երկրորդ Սեւր, մեղմ ասած, ստում են մեր քաղաքացիներին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեմ, բացարձակ չեմ անհանգստանում, որովհետեւ գերպրոֆեսիոնալ դիվանագետ է այդ հարցով զբաղվում՝ ՀՀ դեսպանը ԱՄՆ-ում, որը շատ լավ քաղաքական հոտառություն ունի։ Դե ինքն ամեն ինչ արել է, որ դեմոկրատներն ընտրվեն, ակնհայտ է, չէ՞, որ Հանրապետական ադմինիստրացիան բացառապես ավելի լավ կլինի դեսպան Մակունցի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն արդեն պետք է փոխված լիներ»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031