Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը Շիրակի մարզի դատարանի որդեգրման գործով դիմումը բավարարեց

Հունվար 23,2025 12:30

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով հայտնել էր, որ իր վարույթում գտնվող գործով երկրորդ դիմումատուի եւ որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը գերազանցում է 50 տարին, եւ այդ փաստի առկայությունը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետի կիրառմամբ, բացառում է որդեգրման հնարավորությունը, եւ որ դատարանն այլեւս չի կարող քննարկման առարկա դարձնել որդեգրվող երեխայի լավագույն շահն այն հաշվառմամբ, որ այդ փաստի բացահայտումը որեւէ այլ հետեւանք չի կարող առաջացնել:

Սահմանադրական դատարանն օրեր առաջ գրավոր ընթացակարգով քննել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Այս գործով պատասխանողն Ազգային ժողովն էր:

Ըստ դիմողի՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով դատարանին (իրավասու մարմնին) հնարավորություն չի տալիս բացահայտել եւ գնահատել կոնկրետ գործով երեխայի լավագույն շահը եւ խնդրահարույց է երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը առաջնահերթ ուշադրության արժանացնելու սահմանադրական սկզբունքի տեսանկյունից:

Պատասխանողի կարծիքով էլ. «Տարիքային սահմանափակումը հիմնավոր է, այն նպատակ է հետապնդում բացառապես ապահովելու երեխայի լավագույն շահը եւ բխում է որոշակի սոցիալական երաշխիքների ապահովման սկզբունքներից»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ երեխայի լավագույն շահերի տեսակետից մտահոգիչ է վիճարկվող դրույթով սահմանված տարիքային տարբերության առավելագույն շեմով պայմանավորված արգելքը, քանի որ դատարաններին զրկում է երեխայի լավագույն շահերի նկատմամբ նման որդեգրման նաեւ դրական ազդեցությունը գնահատելու, ինչպես նաեւ բացասական ազդեցության առթիվ մտահոգությունները գործի հանգամանքների համակողմանի վերլուծությամբ փարատելու հնարավորությունից՝ պետությանը զրկելով նաեւ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի ներքո իր բացասական նեգատիվ եւ դրական-պոզիտիվ պարտավորություններն արդյունավետ իրացնելու հնարավորությունից: ՍԴՈ-1766 որոշմամբ դատարանը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող եւ անվավեր այն մասով, որ որդեգրելու նախապատվության իրավունք չունեցող անձի եւ որդեգրվողի միջեւ տարիքային առավելագույն տարբերությամբ պայմանավորված որդեգրման արգելք սահմանելով, այդ արգելքից որեւէ բացառություն չի նախատեսում՝ իրավակիրառին զրկելով յուրաքանչյուր կոնկրետ գործի բոլոր հանգամանքները` երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու հնարավորությունից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031