Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ Հայաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, զարմանալի չէ՝ հաշվի առնելով ՀՀ-ի կողմից խաղաղության, ժողովրդավարության և բարեփոխումների ընտրությունը. Նատալի Լուազո

Հունվար 23,2025 12:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արմենպրես». Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն զարմանալի չի համարում Հայաստանի ցանկությունը Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանն ընտրել է խաղաղության, ժողովրդավարության և բարեփոխումների ճանապարհ․ նա վստահեցնում է, որ հանդես կգա ԵՄ-ի դրական արձագանքի օգտին, եթե Հայաստանը հաստատի կառույցին անդամակցելու իր թեկնածությունը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցին հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության՝ հունվարի 9-ի կայացրած որոշմանը, որով Երևանը հավանություն էր տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։

«Եվրոպական միության մոդելի գրավչությունն ապշեցնող է. մի ժամանակաշրջանում, երբ ավտորիտար ռեժիմները հարձակվում են միջազգային կանոնների վրա հիմնված կարգի վրա, ԵՄ-ն փայլում է՝ որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության փարոս՝ չնայած իր անկատարություններին: Այն, որ Հայաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, զարմանալի չէ՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից խաղաղության, ժողովրդավարության և բարեփոխումների ընտրությունը։ Ես հանդես կգամ ԵՄ-ի դրական պատասխանի օգտին, եթե Հայաստանը հաստատի իր թեկնածությունը»,-ընդգծել է Նատալի Լուազոն։

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է ճիշտ համարում ՀՀ կառավարության կայացրած այդ որոշումը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն` ԵԽ պատգամավորը շեշտեց, որ Բրյուսելը երբեք ոչ մի երկրի չի ստիպել ո՛չ միանալ կառույցին, ո՛չ էլ մնալ դրա կազմում, իսկ Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ընդունում է այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ է համարում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Երևանն ընդունում է որոշումներ, որոնք անհրաժեշտ են հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Եվրոպական միությունը երբեք ոչ մի երկրի չի ստիպել ո՛չ միանալ, ո՛չ մնալ։ Կցանկանայի, որ նախկին ԽՍՀՄ-ը և այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը կարողանային ոգեշնչվել երրորդ երկրների անկախության և ինքնիշխանության նկատմամբ մեր հարգանքով»,-նշել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն:

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է նաև Հայաստանի խորհրդարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031