Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անում շրջանառության հարկի փոփոխություններից դժգոհող առևտրականները:
Ըստ նրանց, հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։
Կարդացեք նաև
«Մեր բողոքի ակցիան ենք անում, որ 5 տոկոսը դարձրին 10 տոկոս, թղթաբանություն եւ այլն: Նպատակը չեմ հասկանում, մասնագետներ չկայի՞ն, որ քննարկեին, նորմալ լուծում գտնեին: Այս տեմպերով, որ գնա, մանր եւ միջին բիզնեսը փակվելու է: Օրինակ մենք վաճառում ենք օգտագործված ապրանքներ, դրա համար ոչ էլ կարող ենք թուղթ ունենալ: 5 տոկոսին մի կերպ հարմարվել էինք, կարողանում էինք մի կերպ տակից դուրս գալ, բայց հիմա դարձրել են 10 տոկոս, նաեւ ասում են հայտարարագրեք, որ ապրանքը՝ որտեղից:
Այսինքն, հարկայինը ցանկացած ժամանակ կարող է գալ շտրաֆ անել: Դա նշանակում է բիզնեսդ փակես, թողնես գնաս: Ես թոշակառու եմ, թոշակը, որ նորմալ լիներ, չէի գա ստեղ կանգնեի, իմ համար գործ եմ ստեղծել, աշխատում եմ; Փաստորեն ասում են՝ մի աշխատեք, փակվեք…Իրենք լավ էլ գիտեն՝ օլիգարխներից ով ինչ է ներկրում, իսկ մենք էստեղ ընդամենը մանր հացի փող ենք աշխատում»,-ասաց Ռոբերտ Դավթյանը՝ Գնունի տոնավաճառից:
«Արդեն ինչքան ժամանակ է մեր կառավարությունը հիմնական աշխատանքներ է տանում, որ վերացնի փոքր եւ միջին բիզնեսը, փոխարենը զարգացնի մենաշնորհը՝ սուպերմարկետներից ու մոլերից սկսած: Սա հարցի լուծում չի, օր օրի մարդիկ սնանկանում են, առեւտուրը բացարձակապես վերացել է, ու ամեն օր ավելի վատանալու է: Ուզում են փոքր եւ միջին բիզնեսի միջոցով պետության ծախսերի, պարգեւավճարների հարցը լուծել: Բայց հիմա առեւտուր չկա:
Մի 5-10 տարի առաջ մարդիկ օրական մի քանի ապրանք էին առնում, հիմա 3 օրը մեկ մի ապրանք եմ վաճառում, դրան գումարած՝ տեղի փող են տալիս, «արենդաներ» (վարձակալության վճար.-խմբ.) ենք վճարում, «արենդաների» գինն էլ բարձրացել է, իջնելու փոխարեն: Մի քանի տարի առաջ շրջհարկը 1,5 տոկոս էր, հետո էս կառավարությունը դարձրեց 3 տոկոս, հետո 5 տոկոս, հետո տեսան, որ ժողովուրդը ձայն չի հանում, միտինգ չի անում, ասեցին՝ 10 տոկոս դարձնենք, ուրեմն ձեռնտու է: Մարդիկ ի վիճակի չէին 1,5 տոկոսը մուծել, դրա համար 2017թ ոտքի ելան հարկային վարչարարության դեմ: Հիմա ասում են՝ պետք է հայտարարագրվի, գույքագրվի ամեն մի ապրանք, այդպիսով ստիպում են, որ հաշվապահներ, տնտեսագետներ պահենք, դրանից հետո էլ երեւի պիտի իրավաբան էլ պահենք… Ախր էդ ամենը փողեր են, եթե մարդը տրանսպորտի փող անգամ չունի, էդ ամենը ոնց պահի»,- նշեց անհատ ձեռներեց Գագիկ Ալավերդյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Սպուտնիկ Արմենիայի»