Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այսօր Արցախում հայ չկա: Ընտրություններին ընդառաջ Փաշինյանը նոր «շարք» է սկսել՝ «ինչպես խոստացել էի» խորագրով. «Փաստ»

Հունվար 23,2025 11:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 7-րդ տարվա շեմին ու առաջիկա ընտրություններին ընդառաջ նոր «շարք» է սկսել՝ «ինչպես խոստացել էի» խորագրով։ Հասկանալի է, գլոբալ առումով ավիրումից, ձախողումից, փլուզումից զատ ոչինչ չի արվել, ուստի նա իր խոստացածների շրջանակներում, որպես կանոն, ներկայացնում է որևէ ճանապարհի ասֆալտապատում, լուսավորում։ Կամ էլ առավելագույնը նրա ուշադրության կենտրոնում է հայտնվում ինչ-որ մեկերկու գույքի, գումարի, հողատարածքի հանձնումը պետությանը, որը ներկայացվում է այնպես, թե «թալանվածը ժողովրդին է վերադարձվում»։ Դեռ մի կողմ թողնենք, որ իրականում ժողովրդին ոչինչ էլ չի վերադարձվում, այլ ընդհակառակը, օրավուր աղքատացնում են «հպարտ քաղաքացիներին», մյուս կողմից՝ այնպիսի չնչին փաստեր է հրապարակում, որ ծիծաղից բացի այլ զգացողություն չի առաջացնում:

Ինչ վերաբերում է նրա գլխավոր խոստումներին, ապա այս հարցերում, հասկանալի է, նա լռում է. ասելիք չկա, քանզի ոչինչ չի արվել, նույնիսկ հակառակը՝ խոստացածի լրիվ հակառակն է արվել: Այդպիսի խոստումները հարյուրներով են չափվում: Փորձենք թարմացնել բոլորիս հիշողությունն ու հերթով ցույց տալ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում մոլորեցնել մարդկանց։ Այս անգամ կանդրադառնանք մեկ օրինակի, ցավոտ, ողբերգական օրինակի: Տեսեք՝ Փաշինյանը ժամանակին համոզիչ կերպով հայտարարում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Ընդ որում, նա ընդգծում էր, թե «բացառվում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի ու պետականությունների շահերին հակառակ կամ չհամապատասխանող ձևով։ Դա ուղղակի բացառված է։ Չի կարող այդպիսի բան լինել»։ Արդյունքում այսօր Արցախում հայ չկա, որ արցախահայության շահերի հարց էլ բարձրացվի։ Ու չնայած այն հանգամանքին, որ նա անձամբ Ստեփանակերտում արցախցիների առաջ կանգնած նշում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ոչ միայն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այլ փորձում է «ապացուցել», որ ողջ բանակցային գործընթացի ժամանակ քննարկվել է միայն Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը։

Ավելին, դեպքեր կան, երբ Փաշինյանը կատարել է Արցախի հետ կապված իր խոստումների լրիվ հակառակը։ Ժամանակին նա նշում էր, որ եթե հանկարծ Արցախի հարցում լուծում նախանշվի, ապա ինքը կգա ու այն ժողովրդի հետ կքննարկի։ «Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ», – ընդգծում էր նա։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի մասին հանրությունը հանկարծ մամուլից իմացավ, երբ Փաշինյանը մարդկանց կանգնեցրեց արդեն կատարված փաստի առաջ։ Իսկ դրանից հետո էլ մարդիկ անակնկալ տեղեկացան, որ Պրահայում քառակողմ հայտարարության արդյունքում Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ «հպարտ քաղաքացիների» կարծիքը ոչ ոք չէր հարցրել։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031