Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական բանտերում ավելի շատ անմեղ մարդ կա, որոնց նկատմամբ դատաքննություն չի եղել, դատավճիռներ չեն արձակվել, քան դատապարտվածներն են. «Հրապարակ»

Հունվար 23,2025 11:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանյան բանտերում, նախորդ ամսվա տվյալներով, 2 հազար 618 անձ է պահվում, որից 1341-ը՝ կալանավոր, 1277-ը՝ դատապարտյալ։ Այսինքն՝ հայկական բանտերում ավելի շատ անմեղ մարդ կա, որոնց նկատմամբ դատաքննություն չի եղել, դատավճիռներ չեն արձակվել, քան դատապարտվածներն են: Սա խոսում է այն մասին, որ համատարած կիրառվում է նախնական կալանքը, եւ առանց դատուդատաստանի մարդկանց տանում փակում են կալանավայրերում, ասենք` քննիչի, դատախազի կամ, որ ավելի վատ է` բարձրաստիճան պաշտոնյաների կամքով ու սուբյեկտիվ որոշմամբ: Մեր աղբյուրներն ասում են, որ երբեւէ նախնական կալանք կրողների եւ դատապարտյալների նման հարաբերակցություն չի եղել, եւ աշխարհում էլ նման բան չկա, որ բանտում գտնվողների 50 տոկոսից ավելին դատվածները չլինեն, այլ իրենց դատավարությանը սպասողները:

Համեմատության մեջ դիտարկելով նախորդ տարիների վիճակագրությունը՝ կարող ենք արձանագրել, որ այս թիվն աճել է։ 2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 2 հազար 482 անձ, որոնցից 1110-ը՝ դատապարտյալ, իսկ 1372-ը՝ կալանավոր։ Ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճել է կալանավորների թիվը, այսինքն` ոչ թե դատարանի ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձանց թիվը, որոնց մեղքը դատարանը հաստատված է համարել, այլ՝ նախնական կալանք կրողների։

Քրեակատարողական ծառայությունից մեզ փոխանցել են թվեր, որոնց համաձայն՝ միջինացված թվով՝ ՀՀ յուրաքանչյուր բանտում կալանավորների թիվը մոտ 100 անձից ավելի է դատապարտյալների թվից։ Դրանով էլ պայմանավորված են ՔԿՀ-ների խցերի ծանրաբեռնվածությունը, արատավոր երեւույթները, որոնց մասին վերջերս անգամ ՄԻՊ-ը զեկույցով էր հանդես եկել, որտեղ ներկայացրել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերծանրաբեռնվածությունը, նկատել, որ խցերում նախատեսվածից ավելի անձ է պահվում։ Սրա վերաբերյալ մենք էլ ենք նախօրեին հրապարակում արել՝ հայտնելով, որ իրավիճակը բանտերում սրվել է նախորդ տարվա նոյեմբերից: Եվ դա՝ այն պատճառով, որ դատավորները սկսել են աննախադեպ քանակի կալանքի որոշումներ կայացնել։ Ընդ որում, սրա մեջ չեն մտնում տնային կալանք կրողները, որոնք նույնպես հարյուրավոր են: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկի ազգականը մեզ պատմեց, որ իրավիճակն այնտեղ ուղղակի քաոսային է․ «Քաոս ա լրիվ, տեղ չկա՝ որեւէ բան անելու․.․ իմ հարազատն էնտեղ ա, ասում ա՝ իրար վրա լցված են, էնքան խնդիրներ կան «Կլորում»՝ սկսած հիգիենայից, բժշկական օգնությունից, տարրական պայմաններից, բայց, այ, էս քնելու հարցն ամենակարեւորն ա: Ասում են, որ նստածներին պիտի բանտերով ցրեն, որ վիճակը փոխվի։ Տեսնենք»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031