Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգողական զանգ Պուտինին՝ կարեւոր որոշումներից հետո

Հունվար 23,2025 12:00

Սկիզբը՝այստեղ:

«Գլխավորն այն չէ, թե ի՞նչ ես ստորագրում կամ ինչպե՞ս է կոչվում այդ փաստաթուղթը, այլ, թե ինչ է բխում դրանից»

Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը դեռ չէր ստորագրվել` Ռուսաստանից արդեն արձագանքներ էին ստացվում:

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության զարգացումը Երեւանի ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանն, իր հերթին, մտադիր է իր կապերը կառուցել Հայաստանի հետ, լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Երեւանի մտադրությունը։ Նա նաեւ նշել էր, որ բացի երկկողմ ասպեկտներից, Մոսկվայի համար շատ կարեւոր է փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում: «Այս ամենը միասին վերցրած համագործակցություն է, որը զգալի դիվիդենդներ է տալիս Հայաստանին եւ նրա ժողովրդին։ Ահա թե ինչից ենք մենք ելնում»,- ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

«Ռուսաստանը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո շատ կոնկրետ հետեւություններ կանի, եթե դրան հետեւեն Ռուսաստանի շահերին հակասող գործողություններ: Եթե սա զգացմունքային մակարդակում հերթական ցուցադրությունն է, դա այլ է: Եվ եթե սրան հաջորդեն կոնկրետ գործողություններ, որոնք կհակասեն Ռուսաստանի, մեր ողջ եվրասիական հանրության ազգային շահերին, ապա շատ կոնկրետ եզրակացություններ կարվեն։ Հետեւելու ենք զարգացումներին»,- իր հերթին նշել էր Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով 2024 թվականի իրադարձությունները, խոսելով արդեն նոր՝ 2025-ի ընթացքում արձանագրված զարգացումների մասին՝ եւս անդրադարձել էր Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։

«Գլխավորն այն չէ, թե ի՞նչ ես ստորագրում կամ ինչպե՞ս է կոչվում այդ փաստաթուղթը, այլ, թե ինչ է բխում դրանից։ Մենք էլ մի շարք արեւմտյան պետությունների հետ ստորագրած պայմանագրերում ռազմավարական գործընկերություն էինք հռչակում։ Բայց այդ փաստաթղթերում մենք դրա մասնակիցներից չէինք պահանջում որեւէ երրորդ պետության դեմ հանդես գալ։ Ժամանակակից դարաշրջանում երբեք չէին գրում՝ մենք ռազմավարական գործընկերներ ենք, ուրեմն դու պետք է միանաս պատժամիջոցներին։ Այժմ, սակայն, Սերբիային է նման պահանջ ներկայացվում։ Հայաստանից էլ կպահանջեն», – նկատել էր Լավրովը։

Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասել էր, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կթանկանան սնունդն ու էներգիան, կկրճատվի Հայաստանի արտահանումը:

Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը իր հերթին նախ նկատել է, թե Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին: Սակայն միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը ՀՀ-ի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում, այնուհետեւ հավելել է. «Այս պարագայում երկու կողմերի համար կարեւոր է ելնել հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների եւ միջազգային ասոցիացիաների համար»։

Բաքուն դժգոհ է Վաշինգտոնից

Ադրբեջանը շարունակում է ոչ միայն Հայաստանի քաղաքականությունը կասկածի տակ դնել, այլեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր վրաց պաշտոնակից Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ ասուլիսում դժգոհեց Միացյալ Նահանգներից: Բայրամովը հայտարարել է հետեւյալը. «Մենք ականատես դարձանք մեր երկրների ներքին գործերին միջամտելու ցուցադրական փորձերին։ Դրա իրական պատճառն այն է, որ մեր երկրները չեն ենթարկվում մեծ տերությունների թելադրանքին եւ վարում են ինքնիշխան քաղաքականություն»։

Այնուհետեւ Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանում USAID-ի գործունեության համար իրավական հիմնավորում չկա. «Եկել է ժամանակը, որպեսզի նրանց գործունեությունն ամբողջովին դադարեցվի»։

Նկատենք, որ 1991-ից ի վեր USAID-ն Ադրբեջանում մոտ 431 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ ադրբեջանցիներին աջակցելով մի շարք ոլորտներում՝ առողջապահականից մինչեւ տնտեսական բարեփոխումներ։

Ամերիկյան կառավարական գործակալության հասցեին Բաքվից քննադատություն ու մեղադրանք է հնչում ամիսներ շարունակ։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նրանց թվում նախագահ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը դեռ նախանցած տարի կառույցի ղեկավար Սամանթա Փաուերի հասցեին կոշտ քննադատություն էին հնչեցրել՝ նրան մեղադրելով ադրբեջանատյացության, թուրքատյացության մեջ, որպես օրինակ նշելով Փաուերի համագործակցությունը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ:

Հունվարի 20-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը հայտարարել է, թե Սպիտակ տան հեռացող վարչակազմը աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, ինչն իրենք անընդունելի են համարում միջնորդի համար։ «Ես չէի ցանկանա մեկնաբանել երկու երկրների հարաբերությունները, սակայն ԱՄՆ-ն աջակցություն ցուցաբերեց Հայաստանին։ Նման գործողություններն անընդունելի են այն կողմի համար, որն իրեն որպես միջնորդ է ներկայացնում։ Կողմնակալությունն անընդունելի է, եւ մենք դա տեսել ենք ԱՄՆ-ում դեմոկրատական վարչակազմի գործողություններում»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ իր նշածն Ադրբեջանը դիտարկում է որպես Հայաստանին միակողմանի աջակցության փաստ:

Փաշինյանը պարզաբանել է, Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ ու գնահատականներ

Մինչ Հայաստանում եւ տարածաշրջանում փորձում են հասկանալ, թե Հայաստանը որքան խորը հարաբերություններ կկառուցի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, հունվարի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ հայկական կողմի՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Ռուսական կողմն, իր հերթին, նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ եւ որ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, նշվել են ԵԱՏՄ շրջանակներում գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։

Կրեմլը նաեւ տեղեկացնում է, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երեւանի վերջին քայլերը, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ եւ գնահատականներ։ Թե ինչ գնահատականների եւ մեկնաբանությունների մասին է խոսքը, Ռուսաստանի նախագահի գրասենյակը չի մանրամասնում։

Կառավարությունն անցած շաբաթ հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն՝ «այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել»։

Մոսկվան արձագանքեց՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկության հետ։

Նկատենք, որ չնայած Մոսկվայի զգուշացմանը, թե այս երկու կառույցներն անհամատեղելի են, անցյալ շաբաթվա սկզբին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարեց, որ Եվրամիությանն անդամակցությունը զուգահեռ գործընթաց է: «Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օրակարգ այս պահին չկա,- նշեց նա, հավելելով,- որեւէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, եւ բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված»:

2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառությունն անցել է 28 միլիարդ դոլարը, սրա ավելի քան 40 տոկոսը միայն Ռուսաստանի հետ փոխադարձ առեւտուրն է: 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է շուրջ 72 տոկոսով, դեկտեմբեր ամսվա տվյալները դեռեւս ամփոփված չեն:

Մինչդեռ Եվրամիության բոլոր երկրների հետ միասին վերցրած առեւտրաշրջանառությունը ոչ միայն չի աճում, այլեւ երկնիշ տեմպերով նվազում է: Անցած տարվա հունվար-նոյեմբերին այն 2.1 միլիարդ դոլար է կազմել՝ ընդհանուրի 7.5 տոկոսը: 2023-ի նույն ժամանակահատվածում Եվրամիության կշիռն ավելի մեծ էր. շուրջ 2.5 միլիարդի առեւտուր էր եղել: Ընդ որում, վերջին տվյալներով՝ Հայաստանը Եվրամիության անդամ որեւէ երկրի հետ ընդհանուրի մեջ գոնե 2 տոկոսի հասնող առեւտրաշրջանառություն չունի: Ավանդաբար, օրինակ, Գերմանիայի հետ առեւտուրն էր մի քանի տոկոսի հասնում, բայց անցած տարի այս ուղղությունն էլ է մոտ 25 տոկոսով կրճատվել:

Այսպիսով, Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին հունվարի 9-ին հավանություն տալուց հետո, այնուհետեւ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումից հետո, ինչպես նաեւ` Փաշինյան-Պուտին հեռախոսազանգից հետո, հունվարի 20-ին տեղեկություն ստացվեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու: Վերջինս, ի դեպ, անցյալ շաբաթ մամլո ասուլիսում նկատել էր, որ թեեւ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, բայցեւ, «արդարության համար» հստակեցրել էր, որ Երեւանը չի արգելափակում որոշումների կայացումը, կազմակերպությունն աշխատում եւ գործում է։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031