Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրման հետ կապված քարոզչական աղմուկը մեծ է։
«Դա չափազանց կարեւոր փաստաթուղթ է, ուղղակի կան մտահոգություններ, թե որքանով դա կիրականացվի։ Բայց ընդհանուր ուղենիշները, որոնք նշված են փաստաթղթում, բավականին լուրջ են՝ անվտանգություն, տնտեսություն, էներգետիկա եւ այլն։ Եվ նաեւ վստահ եմ, որ այս փաստաթղթից ծնվելու են ավելի խորը համագործակցության փաստաթղթեր, եւ սա հիմք է դառնալու խորացնելու ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները»,-«Առավոտի» հարցին՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի կարեւորությունը իշխանական շրջանակների կողմից չափազանցեցվա՞ծ չէ, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրմանը։
Մեր դիտարկմանը՝ այստեղ վտանգներ չեք տեսնո՞ւմ ՀՀ-ՌԴ-ի հետ հարաբերությունների հետ կապված, քաղաքագետը պատասխանեց. «Հայ-ռուսական հարաբերություններն այլեւս նախկինը չեն լինելու։ Սա միանշանակ է։ Դրանք տրանսֆորմացիայի են ենթարկվում՝ արդեն 44-օրյա պատերազմից՝ մասնավորապես 2021-ից հետո։ Մի բան պետք է հասկանանք, որ այդ հարաբերություններն այլեւս նախկինի նման չեն լինելու, եւ ես դա չեմ կապում միայն այս իշխանությունների հետ։ Հաջորդ իշխանությունն էլ ՌԴ-ի հետ չի հարաբերվելու այնպես, ինչպես եղել է նախապատերազմյան ժամանակահատվածում։ Եթե գնանք այդ ձեւով, էլի նույն կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու. ՀՀ-ն դրանից միայն տուժելու է։ Հիմա փորձ է արվում նոր մակարդակի, նոր տիպի հարաբերություններ ձեւավորել։ Այնպես չէ, որ ՀՀ-ն իր շահը զիջելու է ՌԴ-ի շահը սպասարկելու համար»։
Ըստ Արմեն Վարդանյանի՝ ՀՀ-ն փոխում է իր արտաքին քաղաքականության հարացույցը՝ պարադիգմը, եւ հիմա արդեն ՌԴ-ի հետ նոր որակի հարաբերություններ են լինելու. «Կարծում եմ՝ Ռուսաստանն էլ է համակերպվել այդ մտքին։ Իրենք էլ արդեն հասկանում են, որ նախկինի նման չի լինելու։ Արդեն այս վերջին իրադարձությունների հետ կապված Մոսկվան բավականին մեղմ արտահայտվեց։ Նախկինում, երբ Հայաստանը նմանատիպ քայլեր էր անում, եւ որոնք իրենց ավանդական պատկերացումներից դուրս էին եւ դուրս էին այն շրջանակից, որոնք իրենք գծել էին ՀՀ-ի համար, որ նա չպետք է այս քայլերն անի, այս շրջանակից դուրս չգա, տեսնում ենք, որ վերջին փաստաթղթի ստորագրումից հետո բավականին մեղմ է ՌԴ-ն արտահայտվում»։
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը՝ մտահոգություններ են հնչում, որ փաստաթղթի՝ հրապարակված տեքստը չի նախատեսում ամերիկյան անվերապահ աջակցություն ՀՀ-ին, եթե ՀՀ-ի դեմ լինի ռազմական ագրեսիա կամ չի նախատեսում ռազմատեխնիկական որեւէ նոր գործընթաց, հետեւաբար եթե դա չի նախատեսվում, այս պարագայում ինչո՞ւ մտնել դրա տակ՝ վտանգելով ՌԴ-ի եւ Իրանի հետ հարաբերությունները, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Եթե դա նախատեսվեր, արդեն ՀՀ-ն կդառնար ոչ թե գործընկեր, այլ դաշնակից։ Միայն այդ դեպքում ԱՄՆ-ն անվերապահ աջակցություն կցուցաբերի իր դաշնակիցների նկատմամբ, եթե նրանց դեմ հարձակում լինի։ Բայց որեւէ մեկը պատրանքներ էլ չունի, որ այդ համաձայնագրով ՀՀ-ն դառնում է ԱՄՆ-ի դաշնակից։ Սրանով փաստացիորեն դառնում ենք կարեւոր գործընկեր, եւ նույնիսկ այս մակարդակի հարաբերությունների պայմաններում, վստահ եմ, որ Ալիեւը մի քանի անգամ կմտածի, հետո քայլեր կանի ՀՀ-ի դեմ, եթե փորձի հանկարծ ագրեսիայի դիմել»։
Իրանի հետ հարաբերությունների առիթով էլ քաղաքագետը նկատեց. «Իրանից որեւէ հայտարարություն մինչեւ այս պահը չի եղել։ Վստահ եմ, որ դա քարոզչական դաշտում է արվում. ՀՀ-ի հիգերորդ շարասյունն է նման հայտարարություն անում, որ իբր Իրանի հետ հարաբերությունները կվնասվեն։ Իրանի հետ ճիշտ աշխատելու դեպքում մենք կփարատենք մտահոգությունները, եւ Իրանը ըմբռնումով կմոտենա, որ ՀՀ-ն համագործակցում է ԱՄՆ-ի հետ»։
Ըստ Արմեն Վարդանյանի՝ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրման հետ կապված քարոզչական աղմուկը մեծ է. «Մարդիկ նույնիսկ ապոկալիպտիկ եզրակացություններ են անում, որ ՀՀ-ին սպառնում են ուկրաինացմամբ, վիլայեթացմամբ եւ այլն, բայց տեսնում ենք, որ Մոսկվան էլ է բավականին զուսպ արձագանքել մինչ այս պահը։ Որեւէ կտրուկ քայլի մինչեւ հիմա չի գնացել։ Մտածում եմ՝ իրենք էլ են համակերպվել այն իրողությունների հետ, որ ՀՀ-ն կարող է ինքնուրույն քայլեր կատարել, բայց նաեւ ՀՀ-ն չի արել այնպիսի քայլեր, որ վերջնականապես հատի բոլոր կարմիր գծերը։ Եվ իրենք հույս ունեն, որ ինչ-որ մի փուլում նորից ՀՀ-ն կվերադառնա իրենց ուղեծիր։ Մանավանդ որ, հիմա ուկրաինական պատերազմում են իրենք «խրված», բավականին լուրջ տնտեսական եւ ռազմական խնդիրներ ունեն այդ պատերազմի հետ կապված եւ եւս մեկ ճակատ բացել այստեղ՝ ՀՀ-ի դեմ, նպատակահարմար չեն համարում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2025