«Թուղթ է, ստորագրել են: Ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին երկիրն ենք: Այս փաստաթուղթն իրենից որևէ բան չի ներկայացնում, ինչպես ցանկացած պայմանագիր կամ ստորագրված թուղթ, եթե կողմերն այն չեն օգտագործում»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ամենից քննարկված, շահարկված, թերևս նաև «գովազդված» փաստաթղթին՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը: Նա հիշեցնում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթ կա, քանի՞ կետ է իրականություն դարձել: ՀԱՊԿ-ում էլ փաստաթուղթ կա ստորագրված, ստացվո՞ւմ է այն օգտագործել, Մինսկի խումբը, Արցախը պետք է լինեին, թղթում էլ գրված էր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Ստացվե՞ց: Հերթական թղթի կտորն է, որում ինչ-որ բան է գրված միայն բարի կենացների մակարդակով»:
Պողոսյանն առաջարկում է ուշադիր կարդալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը՝ հասկանալու համար, թե այս փաստաթղթում գրված կետերից ո՞րն է հնարավոր լինելու իրագործել, որը՝ ոչ: «Եթե փաստաթղթում գտնեն մի բան, ինչը կարևոր է լինելու ԱՄՆ շահերի համար, դա կօգտագործեն: Հայաստանի գործող իշխանություններն ապացուցել են, որ իրենք որևէ ձևով չեն կարողանում որևէ փաստաթուղթ օգտագործել: Հույսներս պետք է դնենք Թրամփի վրա: Իսկ Թրամփի ելույթում կար մեկ գլխավոր մեխ. ցանկացած բան օգտագործվելու է հետևյալ տրամաբանությամբ՝ ի՞նչ օգուտ է ունենալու Ամերիկան դրանից: Ի՞նչ կար այդ փաստաթղթում, ինչո՞ւ ենք ուրախացել, Ամերիկան օգո՞ւտ է ունենալու այդ փաստաթղթից: Թող դիտարկեն իրենց ազնիվ ցանկությունը՝ այդ թուղթը ստորագրել են, որ օգնե՞ն Ամերիկային, թե՞ որոշել են, որ պետք է օգնել Հայաստանին: Եթե այդ փաստաթուղթը ստորագրել են, որ օգնեն Հայաստանին, ապա Թրամփին դա չի հետաքրքրում: Սրանից հետո Թրամփին հետաքրքրում է ամենը, ինչը կարող է օգտագործել Ամերիկայի համար: Այդ թղթում ավելի շատ նշված էր, որ Ամերիկան այսպես կօգնի, այս բանը կանի, դրանից Ամերիկային ի՞նչ օգուտ: Եթե օգուտ չի ունենալու, ուրեմն Թրամփի պաշտոնավարման ժամանակ դրանք տեղի չեն ունենա»,-նշում է մեր զրուցակիցը:
Պողոսյանը նշում է՝ ԱՄՆ հեռացող վարչակազմը հույս ունի մեկ օր կրկին գալ իշխանության: «Ի՞նչ են նրանք ասելու ընտրողներին չորս տարի անց: Օրինակ՝ գիտեն, որ ընտրողների մեջ մի խումբ կա, որոնք հայեր են: Հայերին ի՞նչ պետք է վաճառեն իրենց պատկերացմամբ, որ վերջիններս դեմոկրատներին ընտրեն: Կասեն՝ մեր օրոք նման թուղթ էր ստորագրվել, մենք կգանք իշխանության, կօգտագործենք: Հաշվարկով են գործել: Հիշեցնեմ, որ ԱՄՆ նույն աշխատակազմն էր ասում, որ էթնիկ զտում թույլ չի տալու Արցախում: Այնպես որ, այդ քայլն առաջին հերթին իրենց համար են արել: Հաջորդ դեմոկրատը, որը մրցելու է ընտրություններում, կունենա հենման կետ՝ ասելով, որ նման թուղթ կա, որն իրենց օրոք է ստորագրվել: Կներկայացնեն՝ Թրամփը եկավ, խանգարեց դրա կյանքի կոչմանը: Բայց այս քայլով իրենք հայկական ձայները կտանեն, իրենց վրա շատ խնդիրներ չեն բարդվի և այլն: Եթե Հայաստանի իշխանություններին ասեն՝ եկեք սա ստորագրեք, այն մյուս թուղթը ստորագրեք, կստորագրեն իշխանությունը պահպանելու համար: Այդ փաստաթուղթն այսօրվա դրությամբ միայն իշխանությունը պահպանելու համար են ստորագրել: Երևի թե այն գին է ունեցել: Թուղթը ստորագրեցին և անդադար Ռուսաստան են գնում ու գալիս»,-փաստում է նա:
Ռուսաստանի Դաշնության հետ փոխադարձ մեղադրանքներից հետո օրերս ընդլայնված կազմով հանդիպումներ և առանձնազրույց տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև, խոսվեց գործընկերության ու ձեռքբերումների մասին: Մեր զրուցակիցը վստահ է՝ փոխադարձ մեղադրանքները շարունակվելու են. «Պարտված իշխանությունը կարող է միայն նոր պարտություններ բերել: Սա պետք է գիտակցենք և կանգնեցնենք այդ շղթան, հակառակ դեպքում ունենալու ենք խնդիր: Լավագույն տարբերակը կլինի այս թիմի գիտակցված և ինքնակամ հեռանալը: Եթե դա չկա, ապա առկա խնդիրներով պետք է օրը լուսացնենք և մթնացնենք՝ մտածելով՝ վաղը Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։