Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը հենց առաջին նիստում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում. Սիրանուշ Սահակյան

Հունվար 23,2025 11:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 21-ին շարունակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ դատավարությունը: NEWS.am-ը դատավարության հետ կապված մի քանի հարց է ուղղել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան,  փաստաբան Սիրանուշ Սահակյանին:

Սիրանուշ Սահակյան

-Տիկին Սահակյան, երեկ շարունակվեց դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ: Փորձում են դատավարության ձևական կողմն ապահովել, հրապարկվում են ցուցմունքներ Արայիկ Հարությունյանից: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև  հաղորդեցին, որ փաստաբաններն իրենց պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել: Սակայն չի հստակեցվում, թե ինչ է նշանակում տնային կալանք հայ գերիների դեպքում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը:

-Այս գործընթացն Ադրբեջանից զատ այլ ատյաններ չեն ընդունելու ու լեգիտիմ չեն ճանաչելու, և դատական ակտերը ևս ոչ լեգիտիմ են համարվելու: Սա արհեստական գործընթաց է: Գործ ունենք շինծու դատավարությունների հետ, որոնց հիմնական նպատակը Արցախի ղեկավարությանը պատժելն է հանուն Արցախի պետականության իրականացրած գործունեության համար: Այս անձանց միջոցով նրանք դատապարտում են Արցախի ինքնորոշման  իրավունքը և այդ գործընթացում ներգրավվածություն ունեցող անձանց: Եվ ստորացումներն էլ ուղղված են ոչ միայն քաղբանտարկյալներին, այլ ողջ հայ ժողովրդին: Ցուցմունքների մասով էլ պետք է նկատի ունենալ, որ դրանք կորզվում են կյանքի սպառնալիքի տակ, գրվում են հատուկ ծառայությունների կողմից և հարկադրվում են հայ պատանդներին ու գերիներին:

Ինչ վերաբերում է խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու երեկվա միջնորդություններին, ապա այժմ  դեռ փորձում ենք հասկանալ խնդիրը:

-Տիկին Սահակյան, Դուք և հայկական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էիք միջազգային կազմակերպությունների, Բաքվում հավատարմագրված դեսպանների՝ կոչ անելով մշտադիտարկում իրականացնել դատական գործընթացի նկատմամբ: Տեղեկություններ ունեք արդյոք՝ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցո՞ւմ են դատավարությանը:

-Արձագանքները դեռ ստացվում են: Տեղեկությունն ամբողջացնելուց հետո կհրապարակենք: Բայց արդեն հայտնի են դեպքեր, երբ իրավապաշտպանները դիմել են Ադրբեջանին, մուտքի թույլտվություն են խնդրել դատական նիստերին ներկա գտնվելու նպատակով, բայց  նրանց մուտքի արտոնագիր չի տրամադրվել:

-Նիստերին ներկա են լինում սահմանափակ թվով ադրբեջանական լրատվամիջոցներ, որոնք հրապարակում են գրեթե նույնաբովանդակ նյութեր: Արդյո՞ք ունեք լրացուցիչ այլ տեղեկություններ:

-Ռուբեն Վարդանյանի ընտանիքից ինձ հասած տեղեկություններով, որը նրանց է փոխանցվել  Ադրբեջանում նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով,  հենց առաջին նիստում Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Վարդանյանը նաև առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության զոհերի հիշատակը՝  անկախ ազգությունից: Դատավորը նշել է, որ նման բան օրենսդրությամբ նախատեսված չէ: Վարդանյանն այնուհետ ներկայացրել է երկու միջնորդություն՝ գործերի միավորման և գործի նյութերին ծանոթանալու նպատակով լրացուցիչ ժամանակի տրամադրման վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին միայն միջնորդությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031