ՀՀ կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաեւ օբյեկտները կարեւորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2073-Ն որոշումը: Այսինքն, կազմել է այն շենքերի ցանկը, որը պետությունը հարկ է համարում պահպանել` ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից:
Վերջին անգամ այդ ցանկը հաստատվել էր դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2004-ին։ Մենք համեմատեցինք նախորդ ու ներկայիս ցանկերը եւ ուշագրավ բաներ հայտնաբերեցինք: Մեծ թվով պետական շինություններ այս կառավարությունը դուրս է բերել պահպանվող օբյեկտների ցանկից, եւ նոր ցանկը չափազանց խոսուն է: Նոր որոշմամբ, օրինակ, ՆԳՆ ոստիկանության կողմից պահպանվող օբյեկտների ցանկից դուրս են բերվել պետական թանգարանները, մարզադպրոցները եւ այլն։ Այս շենքերն այսուհետ կարող են պահպանվել, եթե շենքերում տեղակայված կառույցները մասնավոր պահնորդական ընկերությունների հետ պայմանագրեր կնքեն, դրա դիմաց իրենց միջոցներից վճարեն։ Ստացվում է, որ պետական բյուջեից այլեւս գումար չի ծախսվելու այդ կառույցների պահպանության վրա, փոխարենը` գումար է ծախսվելու, օրինակ, Անվտանգության խորհրդի, դատախազության, Քննչական կոմիտեի, Սահմանադրական դատարանի, պետական որոշ այլ կառույցների անվտանգությունն ապահովելու համար: Երեւի աշխատել է այն տրամաբանությունը, որ ոստիկանությունն ավելի «լուրջ» անելիքներ ունի` հակաիշխանական ցույցերի ժամանակ կամ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական պաշտպանության համար։
Նախորդ ու ներկայիս ցանկերի համեմատությունից պարզեցինք, որ այս իշխանություններն այլեւս նպատակահարմար չեն համարում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Ազգային ֆիլմադարանի, Ռուսական արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պահպանությունը: Այդ բոլոր շենքերը հանվել են պետական պահպանության օբյեկտների ցանկից։ Դրանց փոխարեն ուրիշ շենքեր են ավելացել: Օրինակ, պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկում է հայտնվել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։ Այստեղ է նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայաստանի հանրային ռադիոընկերությունը։ Եթե հեռուստաընկերությունների դեպքում ինչ-որ տեղ հասկանալի է, ապա ինչո՞վ է նման պատվի արժանացել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: