Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները անցած տարվա վերջին ամիսներին էականորեն նվազեցին։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում արտաքին գործոններով, իսկ այդ գործոնների ազդեցության թուլացման պայմաններում աճի իներցիան դադարեց։
Արդյունքում, երբ արտաքին իրավիճակը փոխվեց, ՀՀ տնտեսությունը վերադարձավ իր հազիվ սողացող վիճակին։
ՀՀ իշխանությունները շատ են խոսում Հայաստանի ինքնիշխանության մասին, սակայն ինքնիշխանության ամենակարևոր հանգամանքը տնտեսական ինքնաբավությունն է։ Իսկ այդ ուղղության առաջնային գործոնը պարենային անվտանգությունն է, սակայն այս հարցով որևէ նախաձեռնություն չի իրականացվել ու չի իրականացվում։ Գյուղատնտեսության նպատակային զարգացման օրակարգը ոչ միայն երկրորդական պլանում է, այլև մարդիկ նպատակահարմար են համարում գյուղատնտեսությամբ չզբաղվել, քանի որ այն դարձել է ոչ շահութաբեր։ Ու հիմա այնպիսի վիճակում ենք, որ այլ երկրից են մեզ հիշեցնում, որ ցորենի 90 տոկոսն իրենցից ենք ստանում։
Անընդհատ պատճառաբանություններ են բերվում, թե Հայաստանում անհրաժեշտ պայմաններ չկան, որ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք թողարկի, էներգակիրների գներն են թանկ, հարկային միջավայրը բարենպաստ չէ, տեխնոլոգիաներ չկան։ Մի՞թե սրանք անլուծելի խնդիրներ են, իհարկե՝ ոչ։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրների ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ իրականացնելով՝ հնարավոր է ժամանակի ընթացքում իրավիճակ փոխել։
Որպեսզի սայլը տեղից շարժվի, պետք է կառավարման բուրգի գագաթին կանգնած անձը ցանկություն ունենա զբաղվել այս հարցերով, այլ ոչ թե մարդկանց զբաղեցնի հեծանիվ վարելով, ձվածեղ պատրաստելով ու տեղին-անտեղին շաղակրատելով։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։