ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սպառնացել էր Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ասելով՝ թող լռեն ու ՀՀ գործերին չխառնվեն, Արցախում իրենց արածների հետևանքները տեսել ենք արդեն։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի համար արդեն զարմանալի չէ, երբ ՀՀ իշխանություններն Արցախի հանձնման, գերիներին ու պատանդներին աչքաթող անելու մեղավորներին փնտրում են իրենցից դուրս։
«Ամեն ինչ խոսելով չէ, Ալեն Սիմոնյանն իր ասածների փաստերն ունի՞, իսկ որ Արցախը հանձնել են իրենք՝ 2022 թվականին Պրահայում, փաստ է։ Երբ մարդը մի բան է ասում, դրան պետք է հետևի փաստերի ցուցադրումը։ Օրինակ, մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, կարո՞ղ են իրենք սրան հակափաստարկ բերել, չե՛ն կարող։
Կարող եմ մի բան ասել՝ այս իշխանությունների վերջին տարիներին ասած որևէ հայտարարության մեջ նորություն չկա՝ փորձում են իրենց ամբողջ մեղքը բարդել այլոց վրա, իրենցից հեռացնել, սա է իրականությունը»,- նշեց Վահրամ Բալայանը։
Կարդացեք նաև
Նա նաև շեշտեց՝ ՀՀ օրվա իշխանությունը լավ գիտի, թե ինչ է արել Արցախի հետ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հիմա փորձում են գտնել մարդկանց, որոնց դրա համար կմեղադրեն։ Իսկ դրա համար ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք այս պահին խեղճ են, զրկված հայրենիքից, տնից, նրանց հեշտ է մեղադրել։
«Ինձ մեկ հարց է հետաքրքրում ու ինձ համար զարմանալի է՝ եթե Արցախն իրենք չեն հանձնել, ապա ինչո՞ւ այս պահին չեն բարձրաձայնում արցախահայերի հավաքական վերադարձի հարց»:
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։