Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկությունների» մասին խոսքը՝ օդի ցնցում

Հունվար 23,2025 10:00

Գրիգորի Գորինի «Տիլ» պիեսի Լենկոմի թատրոնի բեմականացման մեջ, երբ թագավորը որոշում է այրել Կլաասին դանդաղ կրակի վրա, շուրջը հավաքվածների միջից դուրս է գալիս հարբեցողի տեսքով մի մարդ եւ բղավում է՝ «Ես դեմ եմ, պահանջում եմ այրել արագ կրակի վրա»: Պալատականն իսկույն դիմում է թագավորին՝ «Ժողովուրդն ընդվզում է», եւ թագավորը փոխում է իր որոշումը՝ «ժողովրդի ցանկությանը» համապատասխան:

Հայաստանի «ԵՄ-ական արկածներն» ինձ հիշեցնում են այդ դրվագը: Սկզբից իշխանությունը պալատական կուսակցությունների միջոցով նախաձեռնում է ԵՄ մտնելու ստորագրահավաք, կառավարությունը հավանություն է տալիս համապատասխան օրինագծին: ՔՊ-ականներն էլ, բնականաբար, այդ օրինագծին կողմ կքվեարկեն:

Բայց Ռուսաստանի ղեկավարների հետ շփումներում այդ ամբողջ գործընթացը նախաձեռնած իշխանության ներկայացուցիչներն ասում են. «Հանգստացեք, ընկեր Պուտին, ընկեր Լավրով, մենք ոչ մի ԵՄ չենք պատրաստվում մտնել, մնալու ենք ԵԱՏՄ-ում: Պարզապես ժողովուրդն է մեզնից պահանջել, հո մենք ժողովրդի ցանկություններին դեմ չե՞նք գնա»:

Այդպիսով, «ժողովրդի ցանկությունն» արձանագրող օրինագիծը ոչ մի իրավական նշանակություն չի ունենա: Բայց, մյուս կողմից, հնարավորություն կլինի ում որ պետք է ցույց տալու՝ «տեսեք-տեսեք, մենք գնում ենք Եվրոպա»: Կարծում եմ, չկա ավելի հմուտ հնարք՝ եվրոպական ինտեգրացիան վարկաբեկելու համար:

Ընդհանրապես, ցանկությունների մասին խոսելը զուտ քարոզչության ոլորտից է: Իշխանության ներկայացուցիչները գրեթե ամեն օր ասում են, որ նախորդ բոլոր նախագահները «ցանկանում էին» հանձնել Արցախը: Այդ «ցանկություններն» արձանագրող որեւէ փաստաթուղթ չկա՝ լիներ, վաղուց կհրապարակեին: Փոխարենը «Ազատություն» ռադիոկայանի շնորհիվ մեզ հայտնի դարձած ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը մանրամասնորեն մեզ պատմում են այն մասին, որ Տեր-Պետրոսյանը 1997 թվականին նման ցանկություն չուներ՝ չնայած նրան աջից-ձախից դրանում մեղադրում էին եւ շարունակում են մեղադրել: Չեմ կասկածում, որ ժամանակի ընթացքում կգաղտնազերծվեն ավելի ուշ շրջանի փաստաթղթերը:

Ինչի համար են այդ «ցանկությունների» մասին խոսակցությունները, պարզ է: Նախկինները «ցանկանում էին», ներկաները հանձնել են: Փորձ է արվում այդ ակնհայտ փաստը շրջանցել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յանձնել Արցախը բառերը, այլազան իմաստներով է գործածվում:

    Այդ իմաստներէն մէկը հետեւեալն է: Հրաժարիլ՝ Արցախը լրիւ անկախ ու ինքնիշխան պետութիւն դարձնելու ապա զայն ՀՀին միացնելու ձգտումէն:

    Այդ իմաստով իսկ, ոեւէ ՀՀի նախագահ չէր «ցանկանար» անշուշտ որ այդ ազգային հրաժարումը տեղի ունենայ:

    Սակայն բոլորն ալ գիտակից էին որ, հարկադրաբար, ուրիշ ճար չունենալով, պէտք է որ համակերպէին, յանձնուէին այդ իրականութեան: Եւ լաւագոյն, իրականալի յանգումը՝ յատուկ կարգավիճակով ԼՂԻՄի մը այլընտրանքն էր:

    Սակայն այս գետնի վրայ, Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագան իւրայատուկ է: Քանզի իր ժամանակին, Ազատագրման յաղթանակէն անմիջապէս ետք, ամենանուա՛զն էին այն պատճառները որոնք կրնային արդարացնել այդպիսի կեցուածք մը: Մինչ ինք զայն համարեց՝ բացառապէս իրատեսական: Ապա, խեղդեց Հայոց ազգային ուժերը: Ի դէպ, այդ օրերի ՀՅԴ-ն, բացարձակապէս ուրիշ ՀՅԴ մըն էր. ՀՅԴ մը, որ հայաստանցիները երբեք չճանչցան:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Վերջին տարիների իրականութեան լոյսին տակ, պատրաստակամ եմ հիմա մտածելու որ, Առաջին Նախագահն ալ ստիպուեցաւ ենթարկուիլ Ռուսաստանի կամքին, եւ այդ պատճառով է որ որդեգրեց նահանջի ուղին:

      Սակայն այստեղ եւս՝ այդ օրերի Ռուսաստանը, յետագայի Ռուսաստանը չէր: Բայց երեւի վերանկախացած ՀՀի Առաջին Նախագահը դեռ Սովետական Մոսկուայի հեղինակութեան պատրանքին տակը էր մնացել:

      Իսկ յետոյ արդէն, ուշ էր… Վերականգնած, կազդուրուած Ռուսաստանը, ՀՀ խորհրդարանի հմուտ ջարդով, իր թաթը դրաւ՝ ՀՀի վրայ: Եւ բնաւ չուզեց որ այդ երկիրը… երկիր դառնայ: Ու յդ նպատակով, պատանդ բռնեց՝ Հայոց Արցախը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031