«Ամերիկայի ձայն». Աշխատանքային իր առաջին օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է աշխատակազմի հետ և հստակեցրել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպել է Հնդկական – Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցներին:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր առաջին օրը նախկին հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նպաստելու է խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում:
«Առանց խաղաղության դժվար է լինել ուժեղ, բարգավաճ և ավելի լավ երկիր»,- ասել է Ռուբիոն։
Հակամարտություններից զերծ մնալը լինելու է ռազմավարական որոշում:
Կարդացեք նաև
«Երբե՛ք մեր ազգային անվտանգության հաշվին, երբե՛ք մեր ազգային շահերի և երբե՛ք մեր հիմնական արժեքների հաշվին՝ որպես երկիր ու ժողովուրդ»,- հավելել է նա։
Ռուբիոն երեքշաբթի հանդիպել է Հնդկաստանի, Ավստրալիայի և Ճապոնիայի արտգործնախարարների հետ։ Չորս երկրները ձևավորում են Քառակողմ անվտանգության երկխոսությունը կամ «Քառյակ» դաշինքը, որը նպատակ ունի հակազդել Չինաստանի տնտեսական և ռազմական հավակնություններին Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Երեքշաբթի կայացած հավաքը փարատեց որոշ մտահոգություններ՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի «Նախևառաջ Ամերիկան» մոտեցման հետ:
«Հստակ ազդանշան է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվում տարածաշրջանային դաշնակիցներից և գործընկերներից՝ Չինաստանի վերելքը հակազդելու հարցում»,- ասում է Սթիմսոն կենտրոնի Չինաստանի ծրագրի տնօրեն Յուն Սունը։
Հայտնի է, որ Պեկինը դատապարտել է «Քառյակը»՝ այն որակելով որպես Սառը պատերազմի կառույց:
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն միավորվի իր դաշնակիցների կամ գործընկերների հետ, չինացիներն իրենց կզգան մեկուսացված և վտանգված, և նրանք կմեղադրեն Միացյալ Նահանգներին Սառը պատերազմի մտածելակերպ ունենալու մեջ»,- հավելում է Սունը։
Վերլուծաբանը մատնանշեց, որ Չինաստանի արդիականացումը և իր ռազմական ու միջուկային զինանոցի ընդլայնումը միայն կշարունակի այդ տարածաշրջանի երկրներին դրդել ուժեղացնել իրենց սեփական զինանոցը և ձգտել ավելի սերտ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ: