Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակվում է մաեստրո Քոչարի հանրահռչակման գործընթացը». Կարինե Քոչար

Հունվար 22,2025 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հունվարի 22-ը մաեստրո Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Թանգարանը յուրաքանչյուր տարի փորձում է իրականացնել մի յուրահատուկ միջոցառում՝ փաստելով, որ շարունակվում է մեծ արվեստագետի հանրահռչակման գործընթացը եւ մենք նորանոր ծրագրեր , իրադարձություններ, միջոցառումներ ենք նախապատրաստում»,-ասաց Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը: Ինչ վերաբերվում է արվեստագետի՝ անցյալ տարի մեծ շուքով նշված ծննդյան 125-ամյակին, հավելեց, որ իր կարծիքով հոբելյանական միջոցառումները դեռ կշարունակվեն մինչեւ Քոչարի ծննդյան օրը՝ հունիսի 22-ը, հատկապես որ այս ընթացքում մի շարք հետաքրքիր միջոցառումներ են սպասվում:

Թանգարանի տնօրենը Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում թանգարանի եւ հոբելյանական միջոցառումների հանրահռչակման գործին աջակցելու համար շնորհակալագիր հանձնեց «Առավոտի» թղթակից Գոհար Հակոբյանին, այլ լրագրողների եւ գործընկերների։  «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը նշեց, որ առաջին անգամ Քոչարի տուն, որը հետագայում թանգարան է դարձել, եկել է իր հոր հետ, տեսել է, թե ինչպես էր վարպետը աշխատում. «Մտքովս երբեք չի անցել, որ մի օր էլ կարող է մտնեմ ու շնորհակալագիր ստանամ»:

Կարինե Քոչարը հիշեցրեց Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում կայացած Քոչարի մեծարման երեկոյի եւ արվեստագետի գործերի՝  Պոմպիդուի մշտական ցուցադրությունում ընդգրկվելու մասին: Հավելեց, որ այս տարվա փետրվարի 15-ին փարիզյան նշանավոր ցուցասրահներից մեկում կբացվի Քոչարի տարածանկարներին նվիրված եւս մեկ ցուցադրություն։ Ի թիվս այլնի, անդրադարձ եղավ նաեւ Երեւանի Պուշկին 62 հասցեում գտնվող շենքի ճակատային մասում մուրալ եղանակով Քոչարի «Ընդվզում» գործի վերարտադրությանը, «Քոչար ֆեստին», Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ծավալուն ցուցադրությանը:

Ասաց նաեւ, որ ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է արծաթյա  եզակի հուշադրամ, իսկ Հայփոստի կողմից մարվել եւ շրջանառության մեջ է դրվել նամականիշով գեղաթերթիկ:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031