Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը համաձայն է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Մոսկվայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ակնարկեց, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելը և առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին օրինագծի ընդունումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։
Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե «մենք հույս ունենք, որ հետագայում էլ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, մենք տեսանք վերջին օրերին ու վերջին շրջանում»։
«Մի կողմից դա, մյուս կողմից էլ Միրզոյանը բացատրեց, որ ձեզ համար վտանգներ չկան, որովհետև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չեն հակասում ՌԴ-ի հետ գործընկերությանն ու ռազմավարական դաշնակցությանը։ ԵՎ ԵՄ-ին անդամակցելու նախագծում էլ պարտադրող ոչինչ չկա։ Իսկ դետալներում մենք ազատ ենք, և իրավունք չունեք մեզ վրա ճնշում գործադրել»,- մեկնաբանեց Արմեն Հովհաննիսյանը
Վերջինս նաև գտնում է, որ Լավրովն էլ իր հերթին կրկնեց այն բոլոր պահանջները, որ դնում է պուտինյան Ռուսաստանը Հայաստանի առաջ՝ «ընդունել պուտինյան միֆոլոգիան այսպես կոչված՝ Մեծ հայրենականի, այսինքն երկրորդ աշխարհամարտի մասին, ռուսաց լեզվի և այլ պահանջները»։ Միրզոյանն էլ փորձեց ասել, որ մենք պատրաստ չենք վերցնելու այդ բեռը։
Կարդացեք նաև
«Հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն այնպիսին, որ ՌԴ-ն չկարողանա իրեն թույլ տալ գոնե հրապարակայնորեն, գոնե հայ պաշտոնյայի ներկայությամբ հնչեցնել դրանք։ Դա ինքնիշխանության հարց է»,- հավելեց Արմեն Հովհաննիսյանը։
Լավրովն այդ հանդիպման ժամանակ խոսեց նաև Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու վերաբերյալ իրենց ակնկալիքների մասին։ Արմեն Հովհաննիսյանը գտնում է, որ դա թույլ տալ չի կարելի։
«Եթե ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև հակասություններ կան, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, ուրեմն այդ ուղղությամբ ցանկացած զիջում նպաստում է նրան, որ իրականացվի ռուսական սցենարը։ Հյուպատոսության բացումը կլինի ռուսական ճնշումների զիջում։ Պարզ չէ՞, որ հյուպատոսարանի բացումը կլինի այդ գործընթացի սկիզբը։ Եթե մենք չենք տալիս այդ ճանապարհը, և դա ՌԴ-ին սահմանամերձ գոտի չէ, ի՞նչ գործ ունի այնտեղ ռուսական հյուպատոսությունը։ Իսկ Սյունիքում, ինչ է, մենք ուզում ենք վերջնականորեն գրանցել ռուսական բազայի առնչությո՞ւնը։ Իսկ ինչպե՞ս դա կընկալի Իրանը, ինչպե՞ս կընկալեն մեր մյուս գործընկերները։ Ռուսական հյուպատոսության բացումը Սյունիքում հակացուցված է։ Ոչ, չի կարելի, դա բարդացնելու է մեր դիմադրությունը միջանցքի հարցում»,- ասաց նա՝ հավելելով, որ Արարատ Միրզոյանի այդ այցն իր վրա ծանր տպավորություն է թողել։
Մանրամասները՝ տեսանյութում։