Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրության մեջ ազգային արժեքների նկատմամբ հարգանքի նվազումը կարող է անդառնալի վնաս հասցնել թե՛ հասարակությանը, թե՛ Հայոց պետության հիմքերին»

Հունվար 22,2025 21:33

Հայաստանի պետական կառավարման և հասարակական կյանքի մեջ «ազգային» բառի հետևողական հեռացման վերջին փորձերը լրջագույն մտահոգություն են առաջացնում:

Այս քայլերն իրենց էությամբ ուղղված են ոչ միայն բառի կիրառման դադարեցմանը, այլև՝ ազգային ինքնության և պատմական հիշողության համակարգված ջնջմանը:

«Ազգային» բառի արհամարհումը նշանակում է քայլ առ քայլ դուրս մղել այն արժեքները, որոնք ձևավորել են հայ ժողովրդի ինքնությունը հազարամյակների ընթացքում: Այն, ինչ ներկայացվում է որպես «ժամանակակից» կամ «միջազգային ստանդարտների» պահանջ, իրականում ծառայում է ազգային գաղափարների զրոյացման և հասարակության արմատներից օտարման նպատակներին:

Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է ընդունել այդպիսի փոփոխություն՝ առանց գիտակցելու դրա քաղաքական, մշակութային և հոգեբանական հետևանքները: Այսօր, երբ մեր տարածաշրջանը կանգնած է բարդագույն մարտահրավերների առաջ, այդպիսի քայլերն ավելի շատ կթուլացնեն հասարակության միասնականությունն ու դիմադրողականությունը:

Հարց է առաջանում՝ ո՞ւմ է ձեռնտու այս ծրագիրը: Ինչո՞ւ է հայկական ինքնության հիմնական հենասյուներից մեկը դառնում անտեսման և ժխտման թիրախ: Այս մոտեցումները ոչ թե արդիականացման նշան են, այլ մշակութային, քաղաքական և ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք:

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին և քաղաքական պատասխանատուներին վերանայել այս մոտեցումը:

Հանրության մեջ ազգային արժեքների նկատմամբ հարգանքի նվազումը կարող է անդառնալի վնաս հասցնել թե՛ հասարակությանը, թե՛ Հայոց պետության հիմքերին:

Հայ ժողովրդի պայքարը ինքնության պահպանման համար երբեք դադար չի առել: Այսօր էլ մենք իրավունք չունենք զիջելու այն արժեքները, որոնք մեզ դարձրել են պետություն և ազգ:

«Ազգային» հասարակական կազմակերպությունը կտրականապես մերժում է պետական և ազգային նշանակության օբյեկտներից «ազգային» բառի հեռացման ցանկացած փորձ: Սա ոչ թե «բարեփոխում» է, այլ՝ հայ ժողովրդի ազգային դիմագծի նկատմամբ իրականացվող մշակութային ցեղասպանության ձևերից մեկը: Այս մոտեցումները չեն ծառայում հասարակության բարգավաճմանը, այլ ծառայում են արտաքին շահերի, որոնք նպատակ ունեն վերացնել հայ ժողովրդի ազգային դիմագիծը:

Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել այս հակազգային քաղաքականությունը և վերականգնել ազգային արժեքների և ինքնության գերակայությունը պետական և հասարակական կյանքում:

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի է պաշտպանել իր ազգային ինքնությունը: Այսօր ևս մենք պարտավոր ենք միասնականորեն դիմակայել մեր ինքնությունը վտանգող այս ծրագրերին:

Մենք պատասխանատվություն ենք կրում մեր սերունդների առջև՝ պահպանելու այն արժեքները, որոնք դարերի ընթացքում մեզ դարձրել են ազգ և պետություն:

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031