ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ «Պատերազմական հանցագործն ավտորիտար երկրում դատում է ՀՀ քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին, պետական եւ հասարակական գործիչներին, որոնք անուրանալի ծառայություն են մատուցել Արցախի ժողովրդի իրավունքների իրացման, Արցախի եւ Հայաստանի հավաքական անվտանգության համար։
Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձը փաստում է դատավարության շինծու եւ կեղեքիչ բնույթը, փաստում է, որ այս գործընթացում պահպանված չեն արդարադատության նվազագույն նորմերը, մարդու ամենատարրական իրավունքները։ Բաքվի բանտում բառիս բուն իմաստով կեղեքման ու խոշտանգումների են ենթարկվում ՀՀ քաղաքացիներ։ Պաշտոնական Հայաստանը լուռ է։ Ի՞նչ է արել կամ անելու պաշտոնական Երեւանը, կա՞ն արդյոք Հայաստանի կողմից ձեւակերպված հստակ պահանջներ»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այն տեսարանները, որոնք տեսանք, մտահոգիչ են։ «Բայց նաեւ պիտի արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին առաջին հերթին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ։ Մեր դիվանագիտական շփումներում, օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է, եւ մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի։ Ես հիմա կարող եմ ձեր ասած հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց այդ հայտարարության ազդեցությունը ու հետեւանքներն այդ մարդիկ զգալու են բանտում իրենց մաշկի վրա։ Մենք սա հասկանում ենք, թե՞ չենք հասկանում»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ