Լրահոս
Օրվա լրահոսը

Անկեղծ զրույց բուժաշխատողների հետ․ Շիրակի մարզպետի ուշագրավ անդրադարձն՝ ավելորդ հաստիքներին ու բուժառուներին մտահոգող խնդիրներին

Հունվար 22,2025 18:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր վաղ առավոտյան այցելեց Գյումրի բժշկական կենտրոն՝ հանդիպելու բուժանձնակազմին ու այս ոլորտում առկա խնդիրների մասին զրուցելու նրանց հետ։

Մարզպետն իր հանդիպումը սկսեց բուժանձնակազմին շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար, սակայն միաժամանակ նշեց, որ ոլորտը զերծ չէ մտահոգող խնդիրներից, որոնք լուծում կստանան համատեղ քննարկմամբ։

Նա նշեց, որ բժշկի գործն այնքան էլ շնորհակալ գործ չէ, քաղաքացիները երբեմն անտեղի են դժգոհում, բայց կան դեպքեր, երբ նրանց դժգոհությունն օբյեկտիվ է։

Դավիթ Առուշանյանը խոսեց բժիշկների վերաբերմունքից, վճարովի ու անվճար ծառայությունների գնացուցակները տեսանելի վայրերում փակցնելու անհրաժեշտությունից, բուժհաստատություններում առկա ավելորդ հաստիքներից, հորդորեց այնպես աշխատել, որ հիվանդի մտքով չանցնի հասնել մայրաքաղաք։

Նա առաջարկեց ազնիվ լինել քաղաքացիների հետ, հարկ եղած դեպքում բարձրացնել ծառայությունների գինը, ասենք՝ 350 հազարից դարձնել 400 հազար դրամ, քան քաղաքացուն ասել, թե 350 հազար է, բայց վերջում նրա վրա կես միլիոն գումար նստեցնել։

Մարզպետը նկատեց, որ հիվանդանոցների շատ խնդիրներ նրանից են, որ պոլիկլինիկա հասկացողությունը չի աշխատում։

«Իմ պատկերացմամբ՝ պոլիկլինիկա գնում են այն ժամանակ, երբ այնտեղից թուղթ պիտի վերցնեն։ Մեր Գյումրու պոլիկլինիկաների շենքային պայմանները որ նայում ես, արդեն վատանալու է, իհարկե, մենք ունենք պետական ծրագիր ու աշխատանքներ տարվում են այդ մասով», -ասաց մարզպետը։

 

Նա նշեց, որ երեկ էլ Շիրակի մարզպետարանում է քննարկում ունեցել ոլորտի պատասխանատուների հետ։

«Ուրախ եմ, որ բժիշկների վարձատրության չափը փոփոխվել է, ու բժիշկները ստանում են աշխատավարձ, որը կբավարարի արժանապատիվ ապրելու համար, բայց ինձ չի գոհացնում բուժքույրերի ու սանիտարների աշխատավարձը։ Բժիշկների պահով՝ հաստիքացուցակները նայելով, աշխատավարձի չափը նայելով՝ կարելի է ենթադրել, որ գոնե այդտեղ խնդիր չունենք, բայց մյուսների 80-90-100 հազար աշխատավարձերը գոհացնող չեն։

Իսկ այդ խնդիրը հնարավոր է լուծել, երբ բոլոր վճարները մուտք լինեն բյուջե։ Վստահ եմ, որ տնօրինությունը, մարզպետարանը հետևողական կլինեն, որ այդ վճարների բաշխվածությունը առավելագույնը ճիշտ լինի, ավելորդ ծախսեր չլինեն։

Ես երեկ էլ եմ ասել՝ ավել հաստիքացուցակները, որոնք կան, իրականում այդ հաստիքացուցակներն ուղիղ ազդեցություն ունեն մարդու առողջության վրա։

Այդ օրինակը ես երեկ բերել եմ, եթե մեկին թվում է, թե իր բարեկամը մտնում է բժշկական կենտրոն, որը 2- 3 միլիարդի շրջանառություն ունեցող հիմնարկ է, ու 100 հազար դրամ աշխատավարձ ստանա, որ տանի, տունը պահի, իրեն լավություն են անում՝ դա մարզի բնակչության առողջության վրա ազդեցություն ունեցող գործոն է։ Մենք գիտեք, որ հաստատ կգտնվեն 10 պաշտոնյաներ, որոնք իրենց բարեկամներին ուզում են տեղավորել կամ գուցե ոչ պաշտոնյաներ, այդ 10 հաստիքով հնարավոր կլինի տարվա կտրվածքով բերել այլ ծառայություն մատուցող բժիշկ, որը կյանքեր պիտի փրկի։

Այդ 10 հաստիքով կարելի է տեխնիկա, սարքավորում գնել հիմնարկի համար, որը էլի կյանքեր կփրկի։ Նոր հաստիքները, որոնք կբացվեն բժշկական կենտրոնում, շատ լուրջ հիմնավորում պիտի ունենան: Առանց հստակ հիմնավորման մենք հաստիք չենք բացի այստեղ․ ո՛չ մարզպետարանն է աշխատանքի տեղավորման գրասենյակ, ո՛չ բժշկական հաստատությունները, ո՛չ էլ կրթական հաստատությունները։

Այդ ամենը ուղիղ ազդեցություն ունի իրենց մատուցած որակի վրա։ Իսկ այն հաստիքները, որոնք բացված են, մենք կամաց-կամաց աշխատանք կտանենք, որովհետև մենք խնդիր ունենք միջին օղակի՝ բուժքույրերի, սանիտարների, այդ մարդկանց աշխատավարձը բարձրացնելու ուղղությամբ։ Եկեք պարզ խոսենք, երբ մարդուն 100 հազար աշխատավարձ ես տալիս ու ինքը ընտանիք պիտի պահի, հիվանդից վերցրած գումարն իր համար էական է», -ասաց Դավիթ Առուշանյանը։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն իր հերթին հավելեց, որ միջին բուժանձնակազմը՝ սանիտարները, բուժքույրերը 500 հոգի են, նրանց աշխատավարձը կբարձրանա 7500 դրամով։

Նա նշեց, որ անցած տարի մոտ 200 միլիոնով ավելացրել են վճարումները բյուջե, այս տարի ևս պլանավորել են մոտ այդքան ավելացնել։ Նա նաև նշեց, որ հաշվարկել են, թե քանի հիվանդ Գյումրիից Երևան չեն գնացել բուժվելու, նրանց թիվը մոտ 8 հազար է, նույնիսկ ունեն ծառայություն՝ խոսքը նյարդաբանական ծառայության մասին է, որից օգտվելու համար Գյումրի են հասնում Լոռու մարզից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031