«Երբ թոռները մտնում են պապիկի գրպանը, պապիկը նրանց թաթիկներին չի տալիս, հարազատի հարաբերություն է: Մենք մեր պետությանը հերիք է ընկալենք որպես թշնամի»,- քաղաքացիների հայտարարագրման գործընթացի մասին պատգամավորների կողմից հնչեցված հարցերին ի պատասխան ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց՝ ոչ մի ընտանիք ինքն իր համար այնքան ծախս չի անում, ինչքան ՀՀ պետական բյուջեն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ անձը կարող է իր եկամուտների հայտարարագիրը նաև ներկայացնել բանկ․ «Մարդը կարող է իր հայտարարագիրը պրինտ անել, դնել ցանկացած բանկի դիմաց, բանկը որևէ տեղեկանքի կարիք չի ունենա»։
Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրեց՝ մեր բյուջեում համընդհանուր հայտարարագրման համակարգից եկամուտ նախատեսված չէ։
Նա ասաց, որ լսել է, թե ինչպես են մարդիկ անհանգստանում, որ եթե ընտանիքի անդամին ես փոխանցում անում, հարկվելու է և այս առնչությամբ ասաց․ «Նման բան չկա, մինչև 300 հազար դրամը՝ ուզում է տարին ութ հարյուր անգամ փոխանցում արված լինի, չի հայտարարագրվում, չի հարկվում, դրանից ավելը հայտարարագրվում է, չի հարկվում։ Ընկերը ընկերոջը մի նպատակի համար է գումար փոխանցում ՀՀ ներսից, դրսից, աշխարհի որևէ անկյունից դրամով, դոլարով, դա չի հարկվում։ Բայց մարդը երբ ստանում է նպաստ 25-30 հազար դրամ, մեկ էլ պարզվում է՝ ամիսը ստանում է երեք հազար դոլար տրանսֆերտ, այդ դեպքում պետք է գնանք, ասենք՝ էս ի՞նչ տրանսֆերտ է»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կրկին հստակեցումներ անելու համար մի քանի հարց տվեց հայտարարագրման մասին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մինչև 300 հազար դրամ տրանսֆերտները չեն հայտարարագրվում և չեն հարկվում, դրանից ավել հայտարարագրվում են, բայց էլի չեն հարկվում։ Արտագնա աշխատողների աշխատավարձը նույնպես հարկման ենթակա չէ, բայց շեմ գոյություն ունի՝ մինչև 12 միլիոն դրամ տարեկան հայտարարագրման ենթակա չէ, դրանից բարձրը հայտարարագրման ենթակա է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ