«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրապարակեց «Երեւանցիների ձայնը» ամենամյա հետազոտության շրջանակներում Երեւանի տրանսպորտի գնի, վճարման համակարգի, օդի աղտոտվածության եւ այլ արդիական հիմնախնդիրների վերաբերյալ «Error 404» խափանման նշանով հարցման արդյունքները:
«Այս անգամ հետազոտությունը դեկտեմբեր ամսվա փոխարեն իրականացրինք հունվար ամսին, որպեսզի տեսնենք, թե տրանսպորտի թանկացման կամ վճարման համակարգի մասին ինչպիսի կարծիք ունեն մեր քաղաքացիները»,-ասաց պարոն Նավասարդյանը:
Երեւանցիներին ուղղված բազմաբնույթ հարցերի պատասխանների ամփոփումը ցույց է տալիս, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարները հանրության համար կենսական նշանակություն ունեցող բոլոր ուղղություններով մեծապես ձախողվել են: Թերեւս միակ բանը, ինչից մայրաքաղաքի բնակիչների մի զգալի հատվածը դրական է գնահատել, դա Երեւանի ամանորյա զարդարումն է:
Հարցվածների 56,2 %-ը վերջին մեկ տարվա ընթացքում Երեւան քաղաքի փոփոխությունները գնահատել է բացասական: Ընդ որում, այս ցուցանիշը վատթարացել է՝ համեմատած նախորդ երկու տարիների գնահատականների հետ:
Կարդացեք նաև
Երեւանցիները մայրաքաղաքի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները համարում են հասարակական տրանսպորտը, տրանսպորտի գնի բարձրացումը, ճանապարհների վատ վիճակը, տրանսպորտի վճարման համակարգի խնդիրները, բնապահպանական, աղբահանության, մաքրության եւ անօթեւան շների խնդիրները:
Երեւան քաղաքում դրական փոփոխություններ, որոնք իրականացվել են քաղաքապետարանի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում հարցադրմանը պատասխաններն այսպիսին են. նոր ավտոբուսների ներմուծում, նոր տրանսպորտային համակարգ` 20,2 %, բակերի բարեկարգում՝ 13,8 %, այգիների բարեկարգում՝ 10,7 %, աղբահանության կազմակերպում՝ 8,2 %, ասֆալտապատում՝ 7,5 %, քաղաքի տեսքի բարեկարգում, գեղեցկացում՝ 7,3 %, կանաչապատ տարածքների ավելացում՝ 6,7 %, խաղահրապարակների կառուցում՝ 5,1 %, հին վերելակների փոփոխություն՝ 4,5 %, նստարանների տեղադրում՝ 3,1 %, այլ՝ 7,5 %, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել՝ 36,2 %, դժվարանում եմ պատասխանել՝ 5,0%:
Թեեւ քաղաքապետարանը կարմիր գծերի վճարման գինը թանկացրեց՝ պատճառաբանելով, որ դա արվում է առավելապես կենտրոնը, ապա նաեւ վարչական շրջանները բեռնաթափելու, հետեւաբար, խցանումները նվազեցնելու նպատակով, սակայն երեւանցիների 81,6 %-ը նշել է, որ խցանումներն ավելացել են եւ միայն 2,5 %-ն է համարում, որ դրանք պակասել են:
Ինչպե՞ս եք վերաբերվում տրանսպորտի գնի փոփոխությանը հարցին երեւանցիների 68,7 %-ը պատասխանել է ընդհանրապես բացասական, 15,2 %-ը՝ ավելի շուտ բացասական, եւ միայն 2,0 %-ն է դրան վերաբերվում լիովին դրական:
Քաղաքապետարանի ղեկավարությունը, թերեւս, պետք է հաշվի նստի նաեւ այն իրողության հետ, որ երեւանցիների 49, 5 %-ը ընդհանրապես բացասական է վերաբերվում տրանսպորտի վճարման նոր համակարգին, 13,5 %-ը՝ ավելի շուտ բացասական: Լիովին դրական կարծիք ունի միայն 7,8 %-ը, ավելի շուտ դրական՝ 26,1 %-ը:
Հասարակական տրանսպորտի՝ ավտոբուսների միջին գնահատականը 1-5 բալային համակարգով այսպիսին է. միայն կանգառներում կանգնելը՝ 4,0, տեխնիկական վիճակը՝ 3,8, ժամանակին մոտենալը՝ 2,7, ծանրաբեռնվածությունը՝ 2,2:
Երեւան քաղաքի բնութագրիչների միջին գնահատական. լուսավոր՝ 3,9, անվտանգ՝ 3,5, մաքուր՝ 3,2, կանաչապատ՝ 3,1, օդի մաքրություն՝ 2,4:
Աղբահանության ծառայության փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում. դեպի լավը՝ 65,5 %, դեպի վատը՝ 7,6 %:
Մաքրության փոփոխությունները վերջին մեկ տարում. դեպի լավը՝ 54,5 %, դեպի վատը՝ 11,9 %:
Երեւան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքի գնահատում. լիովին դրական` 24,0 %, ավելի շուտ դրական` 50,7 %, ավելի շուտ բացասական՝ 12,4 %, ընդհանրապես բացասական՝ 11,0 %:
Քաղաքապետարանի կողմից կազմակերպված ամանորյա զարդարումը. շատ լավ՝ 35,6 %, լավ՝ 43,7 %, վատ՝ 7,6 %, շատ վատ՝ 8,7 %:
Հետաքրքիր պատասխան է արձանագրվել 5 բալանոց համակարգով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատանքի գնահատման վերաբերյալ հարցին: Պարզվել է, որ երեւանցիներն ամենից շատ դժգոհ են քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքից եւ նրան տվել են 2,5 միջինացված գնահատական:
Իսկ Երեւանի ավագանու խմբակցությունների աշխատանքից կրկին 1-5 բալային համակարգով քաղաքացիները ամենից շատ դժգոհ են «Հանրապետություն» խմբակցությունից՝ 1,9 %, «Քաղաքացիական պայմանագրից»՝ 2,1 %: Վերջից երրորդը «Հանրային ձայնն» է՝ 2,2, %, «Ազգային առաջընթացը»՝ 2,4% եւ «Մայր Հայաստանը»՝ 2,5 %:
Կոմունալ ծառայությունների 1-5 բալով գնահատականը անխափան աշխատանքի եւ որակի առումով այսպիսին է. էլեկտրամատակարարում՝ համապատասխանաբար, 3,6 եւ 3,9, գազամատակարարում՝ 4,3 եւ 4,1, ջրամատակարարում՝ 3,7 եւ 3,8:
Ոստիկանության աշխատանքի փոփոխություն վերջին մեկ տարում. լիովին դրական՝ 10,7 %, ավելի շուտ դրական՝ 33,0 %, չի փոխվել՝ 22,7 %, ավելի շուտ բացասական՝ 10,4 %, ընդհանրապես բացասական՝ 12,8 %, դժվարացել է պատասխանել՝ 10,4 %:
Պարեկային ծառայության աշխատանք. լիովին դրական` 14,9 %, ավելի շուտ դրական՝ 44,8 %, ավելի շուտ բացասական՝ 15,4 %, ընդհանրապես բացասական՝ 12,8 %, դժվարացել է պատասխանել՝ 12,1 %:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ