Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման եւ ընդլայնման համար:
2024 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հունվարի 22-ի Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նրա խոսքով համաձայնագրով նախատեսվել են դրույթներ, որոնցով կկարգավորվի տվյալների փոխանակումը համապատասխան երկու մարմինների միջեւ: «Կարծում ենք` սա կարեւոր քայլ է թափանցիկության եւ փոխգործակցության շարունակական զարգացման համատեքստում»,- հավելել է նա:
Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության եւ փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում եւ հստակեցում:
Օրենքի նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Այն ներկայացրել է Կարեն Համբարձումյանը:
Կարդացեք նաև
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է` արդյոք վերոնշյալ համաձայնագրի ընդունումը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել` կապված ԵԱՏՄ մաքսային օրենսդրության հետ: «Համաձայնագիրը չի հակասում մեր գործող օրենսդրությանը, այդ թվում` ԵԱՏՄ պարտավորություններին: Համաձայնագիրն ընդամենը տվյալների փոխանակման մասին է: Նման համաձայնագրեր ունենք բազմաթիվ երկրների մաքսային մարմինների հետ, եւ ընթացիկ, նաեւ աշխատանքային կարգով որոշակի փոխանակում իրականացվում է: Այստեղ որեւէ խնդիր, հակասություն կամ խոչընդոտ ես չեմ տեսնում»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը:
ԱԺ