Կրթության տեսչական մարմնի կանոնադրությամբ, որպես վերջինիս առաջնային գործառույթներ, նախատեսված են կրթության որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը եւ կրթության որակի բարձրացումը, մինչդեռ տեսչական մարմնի վերահսկողության միակ գործիքն այս պահի դրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումներն են, որոնք այլեւս չեն համապատասխանում այս բնագավառում վերահսկողության տրամաբանությանը եւ դրա արդյունավետ իրականացմանը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ հունվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքը կարգավորելու է Հայաստանի Հանրապետության հանրակրթության՝ նախադպրոցական, տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթության, մասնագիտական կրթության, արտադպրոցական եւ բարձրագույն կրթության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողության կազմակերպման եւ իրականացման հիմքերը, առանձնահատկությունները, տեսչական վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:
Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման եւ օրենքով սահմանված այլ ձեւերի միջոցով:
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ եւ բավարար իրավական նախադրյալներ:
Կարդացեք նաև
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արմենուհի Ղազարյանը:
Մտքերի փոխանակության ընթացքում Պետրոս Մարտիրոսյանը հայտնել է, որ մասնավորապես 2024 թվականին 2405 տարաբնույթ խախտումներ են հայտնաբերվել բնագավառում:
Քննարկման ընթացքում պատգամավորները եւ զեկուցողը հատկապես կարեւորել են առանց նախապես ծանուցման ստուգումների անցկացումն ուսումնական հաստատություններում, ինչն ամրագրված է օրենսդրական փաթեթում:
ԱԺ