Լրահոս
Օրվա լրահոսը

«Կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության, քան ապահովել օրենքի պահանջները». առաջարկվում է խստացնել ֆինանսական հաշվետվությունը չհրապարակելու համար վարչական պատասխանատվությունը

Հունվար 22,2025 14:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Հիմնական զեկուցողի խոսքով 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով, ի թիվս այլ կարգավորումների, ճշգրտվել է պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը: Ըստ դրա` բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել: Արման Պողոսյանը նշել է, որ գործող օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոցը համադրելի չէ այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, հետեւաբար կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության` աուդիտի միջին արժեքի մոտ 10 տոկոսի չափով, ընդամենը 550 հազար դրամ, քան ապահովել օրենքի պահանջները, այն է` ֆինանսական հաշվետվությունները ենթարկել պարտադիր աուդիտի:

Նախագծով առաջարկվում է խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար վարչական պատասխանատվության միջոցները. առաջին անգամ` 150,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 2,5 տոկոսի չափով, երկրորդ անգամ` 1,500,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 25 տոկոսի չափով, երրորդ անգամ` 3,000,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 50 տոկոսի չափով:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ վերոնշյալ փոփոխությունը վերաբերում է միայն այն ընկերություններին, որոնք օրենքով սահմանված կարգով ենթարկվելու են աուդիտի:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031