ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր տիկին Ղազարյանի և այլոց իրականության հետ որևէ կապ չունեցող պնդումներին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայեր։
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի իշխանության ժամանակ Արցախը հայաթափվեց և հանձնվեց Ադրբեջանին։
Սերժ Սարգսյանը «Հարսանիք լեռներում» օպերացիայի կազմակերպողն է և Շուշին ազատագրողը, որի մասին որպես փոխզիջում խոսք չի գնացել երբեք։ Դրա մասին ուղիղ ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում զանգահարել էր Նիկոլ Փաշինյանը և խնդրել կանգնեցնել պատերազմը։ ՌԴ-ի հետ պայմանավորվածության համաձայն Շուշին հայկական էր մնալու, եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեր Արցախից և ամբողջությամբ սկուտեղի վրա չհանձնեիք Արցախը ադրբեջանցիներին։
Կարդացեք նաև
2016թ.-ի հոկտեմբերին Իլհամ Ալիևը ասում էր, որ Սերժ Սարգսյանը նրան ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ ձեր իշխանության ժամանակ՝ 2020 թվականին, նա ասում էր՝ «Նոլդու Փաշինյան»:
2016-ին Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, Էրդողանի նախագահությամբ, Թուրքիան միացել էր Մինսկի խմբի՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությանը։
Ձեր իշխանության ժամանակ նույն մարդը ասում է, որ հենց Թուրքիայի օժանդակությամբ է Արցախը զավթվել։
ՀԱՊԿ-ը 2016-ին հայտարարություն տարածեց, որը վերաբերում էր Արցախին, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը պետք է հաշվի առնեն բոլորը։ Իսկ ձեր իշխանության ժամանակ ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը նույնիսկ չի ճանաչում։
Եվ այսպես կարող եմ շարունակել մինչև վաղը։ Ամոթ է։ Մարդկանց մի՛ խաբեք։ Դուք Արցախը հանձնած քաղաքական ուժ եք։ Ամբողջ պատասխանատվությունը ձեր թիմի և Նիկոլ Փաշինյանի ուսերին է։ Ընդունեք դա, թե ոչ՝ կապ չունի։ Կա օբյեկտիվ իրականություն, որը ցույց է տալիս, որ դուք վախենում եք բարձրաձայն ասել «Արցախ» բառը, մինչդեռ Սերժ Սարգսյանը ազատագրել էր Արցախը և Արցախի մասին խոսում էր աշխարհի ամենաբարձր ամբիոններից։