«Երեկ, երբ ջղայնացած հերթական անգամ փաստաթղթերն էինք նայում, այն պատասխանները, որոնք Երեւանի քաղաքապետարանն է տվել որպես տրանսպորտի թանկացման հիմնավորում, զուգահեռ կարդացի նաեւ հայտարարություն «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակում, որ արշավի նպատակը սովորելն է, տասնամյակներով տեղում չդոփելը: Հիմա 2013 թ. հաշվարկներով չի կարելի առաջնորդվել 2025թ. 12 տարի անց:
Այո, ես համաձայն եմ՝ չի կարելի առաջնորդվել 2013թ հաշվարկներով միայն, բայց մի բան էլ կա, որ չի կարելի անել: Ես հիմա հրապարակում եմ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը՝ ինչ հիմքով է թանկացել տրանսպորտը»,- ասուլիսում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ կներկայացնելով պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են, որ իրական հաշվարկներ, որպես այդպիսին՝ բացակայում են, իսկ ներկայացված թվերը, որոնք որեւէ կապ չունեն հաշվարկի մեթոդաբանության հետ, պարունակում են էական շեղումներ։
«Այդ պատասխանում Երեւանի քաղաքապետարանը ուղիղ խոստովանել է, որ որեւէ նոր հաշվարկ չկա, առաջնորդվել է մի հաշվարկով, որը նախկին իշխանությունները իրենք իրենցով մերժեցին՝ հասկանալով, որ այդ հաշվարկները սխալ են»,-հավելեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը: Նա պնդում է, որ քաղաքապետարանի կողմից ծախսերն ուռճացված են, ուղեւորահոսքը նվազեցված, թվերն էլ նկարած են:
«Վառելիքի ծախսը հաշվարկվում է, թե այն ժամանակ քանի կիլոմետր է շարժվել տրանսպորտը…Կառավարության որոշման պահանջի համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքային օրերի քանակը կազմում է 25 օր, վերը նշված հաշվարկի համաձայն՝ մեկ ավտոբուսի վազքը մեկ ամսում կկազմի 5750 կմ: Այդ հաշվարկով դա վերածել ենք դիզելի ծախսի, դիզելի գինը հաշվարկել ենք այն ժամանակ 476,8 դրամ, խնդրեմ, նայեք փաստաթուղթը:
Կարդացեք նաև
Դե հիմա 476,8 դրամի վրա կիրառեք 25 տոկոս գնաճը, որ կար միջինացված, կիրառենք՝ կստանանք 598-600 դրամ: Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դե դուրս եկեք փողոց, մի հատ տեսեք 600 դրամով դիզել կա՞, քաղաքային իշխանություններ, ուզո՞ւմ եք 470 դրամով դիզել բերեմ՝ էս գրածից էժան»,-նշեց Պիպոյանը՝ հավելելով, որ վառելիքի ծախսը ընդհանուր ծախսերի մեջ մոտավորապես 50 տոկոս է կազմում, դրա համար է այս հաշվարկը ներկայացնում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ