«Որեւէ ծեծկռտուք չի եղել եւ չի կարող լինել, հատկապես վարչապետի ներկայությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ՔՊ նիստում վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել իր եւ Տավուշի մարզպետի միջեւ։
«Որեւէ վեճ, անգամ խոսակցություն չի եղել այլ կուսակցական անձի, այդ թվում՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ»,- հավելեց նա։
Հարցին, թե ի՞նչ բանավեճ է տեղի ունեցել անտառահատումների թեմայով, եւ ի՞նչն է իրեն անհանգստացնում այդ հարցում, Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Մենք կուսակցությունում ունենք նման ֆորմատ, որ կոչվում է «ինքնաքննադատություն»։ Ի՞նչ է դա նշանակում՝ մենք քննադատում ենք ինքներս մեզ, մեր իշխանությանը, կառավարությանը կամ ԱԺ գործընկերների գործունեությունը։ Ես ինքնաքննադատության ելույթ ունենալու հայտ եմ ներկայացրել կուսակցությանը, բավարարել են իմ հայտը, եւ ես ունեցել եմ ինքնաքննադատական ելույթ։ Ես քննադատել եմ ՔՊ-ին ու կառավարության մեր որոշ գործընկերների գործունեությունը՝ կապված անտառահատումների հետ»։
Նա նշեց, որ ինքնաքննադատությունը չի վերաբերել Տավուշի մարզպետին, քանի որ անտառները չեն կտրվում Տավուշի մարզպետի լիազորությունների շրջանակներում, դա գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում։
Կարդացեք նաև
Տեղեկություններին, թե ինքը շահեր ունի, այդ պատճառով է բարձրաձայնում անտառահատումների հարցը, Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Ծիծաղելի է այդ տեղեկատվությունը, որովհետեւ նման բան ուղղակի չի կարող լինել, եւ որեւէ փաստ չկա։ Դա հորինված միտք է։ Կա՞ ըտենց մարդ, ում չեն անհանգստացնում անտառահատումների դեպքերը, ես նկատել եմ դեպքեր, որոնք տեղի են ունեցել օրենքի խախտմամբ, դիմել եմ եւ ՔԿ, եւ գլխավոր դատախազին, ընթացք է տրվել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ