«Չհայտարարագրվող փոխանցումների 300 հազար դրամ շեմը վերաբերում է ամսական կտրվածքով, տարեկան, թե՞ միանվագ փոխանցումներին»,- ԱԺ նստաշրջանում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Ռաֆայել Գեւորգյանը նախ ասաց, որ քաղաքացիների նույնականացման պրոցեսում կան խնդիրներ, որոնք հաղթահարելու համար քայլեր են ձեռնարկվել ու ձեռնարկվում։ Նրա խոսքով՝ քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար պետք է նույնականացման քարտեր ստանան, այդ քարտերը քաղաքացիների մի զգալի մասը չունի, բայց նույնականացման քարտ չունենալը նույնն է, եթե քաղաքացին անձնագիր չունենա։
«Ինչ վերաբերում է 300 հազար դրամ սահմանաչափին, սահմանաչափը գործում է միանվագ գործարքների համար։ Ուզում եմ հստակ նշել, որ սա չի վերաբերվում հարկվող եկամուտներին, այսինքն՝ աշխատավարձ, բնակարանի վարձակալություն եւ այլ վճարները չեն ենթադրում որեւէ շեմի առկայություն, այսինքն, անկախ ամեն ինչից, դա հարկվող է՝ առանց շեմի։ Շեմը վերաբերում է բացառապես չհարկվող գործարքներին ու առավելապես նվիրատվություն տեսակի գործարքներին։ Այսինքն՝ եթե դուք ձեր բարեկամից, ազգականից, ընկերոջից որոշակի նվիրատվությամբ գումար եք ստացել, ապա գործարքի համար կգործի 300 հազար դրամ շեմը։ Ընտանիքի անդամների միջեւ փոխանցումներ, օտարերկրյա պետություններից բարեկամից փոխանցում ստանալու դեպքում 300 հազար դրամը միանվագ գործարքի շեմ է։ Կա ապատեղեկատվություն, որ նվիրատվությունները հարկվելու են, օտարերկրյա պետությունից բարեկամի փոխանցումը հարկվելու է, դա բացարձակ սուտ է, օրենքով նախատեսված նման դրույթ չկա, նվիրատվությունները չեն հարկվելու, իսկ հիմա արդեն ավելի է պարզեցվում՝ չեն էլ հայտարարագրվելու որոշակի շեմի ներքո»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ