ԱԺ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին․ «Հնարավոր չէ՞ շատ կարճ ժամանակում այնպիսի մի համակարգ ներդնել, որպեսզի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ մուտք գործելու համար ոչ սիմ քարտ անհրաժեշտ լինի, ոչ էլ ԻԴ (նույնականացման-խմբ.) քարտ։ Այնպես, ինչպես մենք օգտվում ենք բազմաթիվ բանկային ծառայություններից՝ առանց հավելյալ գործիք ունենալու»։ Արսեն Թորոսյանը նշեց տեխնիկական խնդիրները՝ նշելով, որ ինքն էլ ունի այդ խնդիրները։
Արման Պողոսյանն ի պատասխան ասաց, որ անձի նույնականացման ունիվերսալ համակարգ ներդնելու գործընթաց է մեկնարկել երկրում։ «Եվ այդ գործընթացի հանգուցալուծմամբ մենք կունենանք միասնական նույնականացման համակարգ, որը կկիրառվի բոլոր նպատակներով բոլոր պետական կառավարման եւ այլ մարմինների կողմից։ Բայց ներկայումս ունենք ձեր ախտորոշած խնդիրը, այն իրականում տեխնիկական բնույթ է կրում, բայց դրանից դրա կարեւորությունը բնավ չի նվազում։ Հիմա պատրաստի լուծումներ այստեղ, ցավոք, չեմ կարող հայտարարել կամ նախանշել, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այս հարցը ՊԵԿ-ի եւ այլ իրավասու մարմինների ուշադրության տիրույթում է, կփորձենք ապագա լուծումները ձեր ասած տրամաբանությամբ տալ»,- ասաց փոխնախարարը։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ եթե տեխնիկապես չի հեշտացվում գործընթացը, ստացվում է, որ քաղաքացիների դժգոհությունն արդարացի է։
Արման Պողոսյանն արձագանքեց․ «Այստեղ պետք է ռեալ գնահատել՝ արդյոք անվտանգությունը կարող է տուժել, եթե մենք գնանք անձի նույնականացման գործընթացում որոշակի պարզեցումների։ Համարեք, որ ձեր հորդորն ընդունված է, պետք է փորձենք օպերատիվ լուծումներ տանք»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ