«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Թրամփի և Ռուբիոյի պաշտոնամուտից ի վեր USAID-ում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունում, նշանակումներ դեռևս չեն կատարվել։ Սակայն Հայաստանը պետք է անհապաղ սկսի բանակցությունները «Վեսթինգհաուս» ընկերության հետ՝ մոդուլային ատոմակայանի կառուցման շուրջ։ Նախագծի նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի՝ որպես Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության առանցքային մաս։ Հայաստանի գործող ատոմակայանը կաշխատի մինչև 2036 թվականը, իսկ արդեն 2026 թվականին պետք է ազդարարվի նոր ատոմակայանի կառուցման մեկնարկը՝ նախատեսելով տասնամյա ժամկետ՝ դրա իրականացման համար։ Այս նախագիծը կարող է դառնալ երկու երկրների միջև համագործակցության ամենակարևոր բաղադրիչը։
Բացի այդ, ատոմային էներգիան համարվում է կանաչ, էկոլոգիապես մաքուր և մթնոլորտը չաղտոտող։ Հաշվի առնելով, որ նախագահ Թրամփը առաջնահերթություն է տալիս միջուկային էներգիային և ամերիկյան ընկերությունների ներգրավվածության ավելացմանը, այս նախագիծը հատկապես կարևոր է։
Չնայած ատոմակայանը կառուցվելու է մասնավոր ընկերության կողմից, այն գտնվելու է ԱՄՆ կառավարության խիստ վերահսկողության ներքո։ Սա կարևոր է մի քանի պատճառներով․
Կարդացեք նաև
- Անվտանգության մակարդակի բարձրացում
ԱՄՆ ներգրավվածությունը նախագծում կարող է էապես բարձրացնել Հայաստանի անվտանգությունը։ Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հստակորեն դեմ են լինելու Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կառուցվող ատոմակայանի գաղափարին։
- Ռուսական պարտավորությունների խոչընդոտները
Ռուսաստանը, որը նախկինում հանձն էր առել նոր ատոմակայան կառուցել Հայաստանում, կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ «Ռոսատոմը»՝ Ռուսաստանի պետական ատոմային կորպորացիան, հայտնվել է պատժամիջոցների տակ, ինչը կասկածի տակ է դնում նրա կարողությունը՝ իր պարտավորությունները կատարել։ Ավելին, Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորի անկարողությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգներն ավելի են խորացնում կասկածները։
- Համագործակցություն ԱՄՆ միջուկային ծրագրերի հետ
Մի շարք երկրներ, ներառյալ Ուկրաինան և Ռումինիան, արդեն համագործակցում են ԱՄՆ-ի հետ՝ մոդուլային ատոմակայանների կառուցման հարցում։ Հայաստանը պետք է դառնա այս երկրների շարքում՝ ամրապնդելու իր դիրքերը և այս ռազմավարական ծրագրում ներգրավվելու համար։ Այս նախագիծը չափազանց կարևոր է ոչ միայն էներգետիկ անկախության, այլև Արևմտյան դաշնակիցների հետ կապերի խորացման և տարածաշրջանային ճնշումներին դիմակայելու համար։
Հայաստանի մասնակցությունն այս ծրագրին ունի կենսական ռազմավարական նշանակություն։ ԱՄՆ աջակցությամբ մոդուլային ատոմակայանը կլինի վճռորոշ քայլ էներգետիկ անվտանգության, տնտեսական զարգացման և աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդման ուղղությամբ։