Մեկ օր ընդմիջումից հետո Ազգային ժողովում այսօր կանցկացվի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի ընտրությունը։ Հիշեցնենք, որ այս պաշտոնի համար ՔՊ-ն առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որը հայտնի է ատելության խոսքի տարածմամբ ու սոցիալական ցանցերում իր հայհոյախառն գրառումներով։
Սիրունյանի թեկնածությունը ԱԺ նստաշրջանում քննարկվել էր հունվարի 20-ին։ Ընդդիմադիր պատգամավորները խիստ քննադատության ենթարկեցին ՔՊ-ին՝ Սիրունյանի թեկնածությունն առաջադրելու համար, իսկ Սիրունյանը հստակ պատասխաններ չտվեց պատգամավորների հարցերին, միայն արդարացավ, թե Ֆեյսբուքի իր էջը կոլեկտիվ կառավարվող է։ Քննարկումից անմիջապես հետո ՔՊ-ն քվեարկություն չկազմակերպեց, իսկ ՔՊ-ական պատգամավորները լրագրողների հարցերին՝ Սիրունյանի թեկնածությանը կողմ են քվեարկելու, թե՞ դեմ, հստակ պատասխան չտվեցին։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ նիստում հայտնեց, որ ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը կանցկացվի այսօր՝ 15։00-15։30-ն։
ԱԺ պատգամավորներն այսօր կընտրեն նաեւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն է։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ