Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի հրամանագիրն արդարադատության նախարարությանը արգելում է օգտագործել դատախազական կամ իրավապահ մարմինների լիազորությունները՝ քաղաքական հաշվեհարդարի համար 

Հունվար 22,2025 11:52

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության առաջին օրը աչքի ընկավ գործադիր հրամանագրերի առատությամբ։

Նախագահ Թրամփը հրամանագրերի առաջին շարքը ստորագրել է երդմնակալության արարողությանը հաջորդած տոնական միջոցառման ժամանակ՝ մայրաքաղաքի Capital One Arena մարզադահլիճում, որտեղ կայացել է նրա հանդիպումը համախոհների հետ։

Ուշ երեկոյան՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակ ժամանելուց հետո, նախագահ Թրամփը ստորագրեց ավելի շատ գործադիր հրամանագրեր, որոնք առնչվում են տարբեր՝ կարևոր ոլորտներին:

Միջազգային կազմակերպությունների մասին

Թրամփը նախաձեռնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը։ ԱՄՆ-ն այլև չի վճարի որևէ դոլար կազմակերպության բյուջե։

Նախագահը նաև կարգադրեց դուրս գալ կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից: Իր առաջին նախագահության ժամանակ ևս Թրամփը նախաձեռնել էր փարիզյան համաձայնագրից դուրս գալը, որը չեղարկվել էր Բայդենի կողմից նախագահության ստանձնման առաջին իսկ օրը:

«Կլիմայական ծայրահեղականությունը հանգեցրել է պայթյունավտանգ գնաճի և բիզնեսներին ծանրաբեռնել կանոնակարգերով»,- որպես հիմնավորում ասված է Թրամփի գործադիր հրամանագրում:

Հունվարի 6-ի իրադարձությունները

Պաշտոնը ստանձնելուց հետո նախագահ Թրամփն անմիջապես ներում շնորհեց կամ մեղմացրեց պատիժը՝ այս գործով մեղավոր ճանաչված գրեթե բոլոր անձանց, որոնք 2021 թվականի հունվարի 6-ին ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք։ Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է կարճել իր վարույթում գտնվող գործերը։

Տեղանունների անվանափոխություն

Ըստ Թրամփի հրամանագրի՝ Մեքսիկական ծոցը վերանվանվում է Ամերիկայի ծոց, իսկ Դենալի լեռանը Ալյասկայում վերադարձվում է իր նախկին անվանումը՝ ՄըքՔինլի, որը տրվել է ի պատիվ Միացյալ Նահանգների 25-րդ նախագահ Ուիլյամ ՄըքՔինլիի: Համապատասխան փոփոխությունները պետք է կատարվեն ԱՄՆ աշխարհագրական անունների տեղեկատվական համակարգում 30 օրվա ընթացքում:

Բացի այդ, Թրամփի կարգադրությամբ ամերիկյան դրոշները ամբողջությամբ բարձրացվել են մինչև հունվարի 20-ի երդմնակալության օրվա ավարտը դաշնային շենքերի, ռազմական կառույցների և նավերի վրա, ինչպես նաև արտերկրում գտնվող ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահից հետո պետական հաստատությունների վրա ամերիկյան դրոշները 30 օրով կիսով չափ իջեցվել էին ի նշան սգի: Հունվարի 21-ից դրանք կրկին կիջեցվեն:

TikTok-ի արգելքի մասին

Չնայած ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենքին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ՝ ԱՄՆ-ում TikTok-ի արգելքը հետաձգվել է առնվազն 75 օրով։ Թրամփը գլխավոր դատախազին հրահանգել է չկիրառել հայտնի հավելվածի վաճառքը պահանջող օրենքի դրույթը։ Իր գործադիր հրամանագրում նախագահը նշել է, որ դադարը ժամանակ կտա «համապատասխան ընթացք» տալ գործընթացին, որը մի կողմից կպաշտպանի ազգային անվտանգության շահերը, իսկ մյուս կողմից չի հանգեցնի հավելվածի փակմանը:

Խոսքի ազատության մասին

Խոսքի ազատության պաշտպանության և դաշնային գրաքննության դադարեցման մասին հրամանը դաշնային աշխատողներին արգելում է որևէ կերպ նպաստել «ամերիկյան քաղաքացիների ազատ խոսքի հակասահմանադրական սահմանափակումներին»: Բացի այդ, արգելվում է այդ նպատակների համար օգտագործել հարկատուների գումարները։

Գենդերային քաղաքականության մասին գործադիր հրամանագրում Թրամփը ընդգծում է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչում է միայն երկու սեռերի գոյությունը՝ իգական և արական: Նա դատապարտել է «գենդերային այն գաղափարախոսությունը, որը տղամարդուն կարող է նույնականացնել որպես կին և հակառակը՝ «պահանջելով հասարակության բոլոր ինստիտուտներից ընդունել այս կեղծ մոտեցումը որպես ճշմարիտ»:

Հրամանագրով Թրամփն արգելել է դաշնային իրավապահ և հետախուզական մարմինների օգտագործումը քաղաքական նպատակներով։ Հրամանում ասվում է, որ նախորդ վարչակազմը «համակարգված» քարոզարշավ է իրականացրել՝ քաղաքական հակառակորդների դեմ:

«Այդ գործողությունները, ըստ երևույթին, ավելի շատ ուղղված են եղել քաղաքական ցավ պատճառելուն, քան առարկայական արդարության հասնելուն», – ասվում է փաստաթղթում: Հրամանագիրը, մասնավորապես, արգելում է արդարադատության նախարարությանը օգտագործել դատախազական կամ իրավապահ մարմինների լիազորությունները՝ քաղաքական հաշվեհարդարի համար:

Պետական հաստատություններ

Թրամփը ստեղծել է նոր գերատեսչություն՝ Կառավարության արդյունավետության նախարարություն (DOGE), որը պատասխանատու կլինի կառավարական գերատեսչությունների աշխատանքի օպտիմալացման համար։ Սկզբում սպասվում էր, որ այն կղեկավարեն ձեռնարկատերեր Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին, սակայն Ռամասվամին ավելի ուշ հայտարարեց, որ կառաջադրվի Օհայոյի նահանգապետի պաշտոնում:

Մեկ այլ գործադիր հրամանագրով՝ նախագահը ԱՄՆ պետքարտուղարին հանձնարարել է ստեղծել ուղեցույց, որը պետք է համապատասխանեցնի Պետքարտուղարության քաղաքականությունն ու «Նախևառաջ Ամերիկան» ծրագրի արտաքին քաղաքականության մասը:

Հրամանագրի ընդունումից 30 օր հետո սահմանափակվելու է ամերիկյան հողում ծնված այլ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար դիմելու իրավունքը։ Ըստ հրամանագրի՝ երեխան, ում մայրը անօրինական կամ ժամանակավորապես է ԱՄՆ-ում եղել, ինքնաբերաբար Միացյալ Նահանգների քաղաքացի չի դառնա, եթե հայրը ԱՄՆ քաղաքացի չէ:

Լրացուցիչ գործադիր հրամանագրով Թրամփը նաև կասեցրեց Միացյալ Նահանգների փախստականների ընդունման ծրագիրը (USRAP): Սակայն հրամանագիրը նախատեսում է աշխատանքի վերսկսման հնարավորություն. 90 օրը մեկ ներքին անվտանգության նախարարը պետք է նախագահին հաշվետվություն ներկայացնի, թե արդյոք ծրագրի վերսկսումը չի հակասում երկրի շահերին։

Օգնություն այլ երկրներին

Թրամփը կարգադրել է 90 օրով կասեցնել օտարերկրյա երկրներին՝ իրենց զարգացման ծրագրերի համար օգնությունը։ Ընդգծվում է, որ դա անհրաժեշտ է այդ ծրագրերի արդյունավետությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականության համապատասխանությունը գնահատելու համար։

Մահապատիժ

Ստորագրված հրամանագրերից մեկը վերաբերում է մահապատժին։ Այն նահանգներից պահանջում է ձեռք բերել բավականաչափ մահացու դեղամիջոցներ՝ ներարկմամբ մահապատիժներ իրականացնելու համար, ինչպես նաև խրախուսում է գլխավոր դատախազին մահապատիժ պահանջել, երբ գործը վերաբերում է իրավապահ մարմինների աշխատակցի սպանությանը կամ «այս երկրում ապօրինաբար գտնվող օտարերկրացու կողմից կատարված լուրջ հանցագործություններին»:

Ահաբեկչություն

Հրամանագրերից մեկը ահաբեկչական կազմակերպությունների կարգավիճակ է շնորհում հանցավոր կարտելներին՝ վենեսուելական «Թրեն դե Արագուա» հանցավոր սինդիկատին և «Մարա Սալվատրուչա» միջազգային խմբավորմանը։

Ահաբեկչական սպառնալիքի մասին խոսվում է նաև մեկ այլ գործադիր հրամանագրում, որը կոչ է անում զգոնություն ցուցաբերել վիզայի գործընթացում, որպեսզի օտարերկրացիները «չվնասեն ամերիկացիներին կամ մեր ազգային շահերին»։

Սահմանների հարցը

ԱՄՆ հարավային սահմանին արտակարգ դրություն է հայտարարվել։ Կարգադրությունը, մասնավորապես, նախատեսում է ռազմական ուժերի, այդ թվում՝ Ազգային գվարդիայի տեղակայումը՝ աջակցելու Ներքին անվտանգության նախարարությանը սահմանների պաշտպանության հարցում։ Սահմանի երկայնքով պատերի կամ այլ ֆիզիկական արգելապատնեշների կառուցումը պետք է անհապաղ վերսկսվի։

Միևնույն ժամանակ, մի քանի հրամանագրերով ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ստեղծված իրավիճակը բնութագրվում է որպես «ներխուժում»։ Գործադիր հրամաններից մեկը չեղյալ է համարում 2021 թվականին Ջո Բայդենի կողմից հաստատված նախաձեռնությունները։ Մյուսն արգելում է մուտքը Միացյալ Նահանգներ այն օտարերկրացիներին, որոնք «մասնակցում են ներխուժմանը հարավային սահմանով»։ Երրորդ հրամանագրով, ի թիվս այլ հարցերի, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվում է սահմանի երկայնքով արգելապատնեշներ և բավարար քանակությամբ անձնակազմ տեղադրել:

Հրամանագրերից մեկը վերաբերում է սահմանների պաշտպանության գործում զինվորականների դերին։ Թրամփը պահանջում է, որ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը պատրաստ լինի հետ մղել «ներխուժման տարբեր ձևերը», որոնք ներառում են «անօրինական զանգվածային միգրացիան, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, մաքսանենգությունը, մարդկանց առևտուրը և այլ հանցագործությունները»:

Առևտուր

«Նախևառաջ Ամերիկան» քաղաքականության շրջանակներում առևտրի նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել ԱՄՆ մեծ և մշտական առևտրային դեֆիցիտի պատճառները և դրանց հետևանքներն ու ռիսկերը երկրի տնտեսության և ազգային անվտանգության համար: Վերլուծությունը պետք է հանգեցնի առաջարկությունների, ներառյալ առևտրային տուրքերի հնարավոր ներդրմանը:

Առևտրի նախարարը նաև կուսումնասիրի Արտաքին եկամուտների ծառայության (ERS) ստեղծման հնարավորությունը՝ արտաքին առևտրի հետ կապված հարկեր և այլ եկամուտներ հավաքելու համար: Հիշեցնենք, որ Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) ԱՄՆ դաշնային հարկային ծառայությունն է։

Թրամփը նաև հրամայել է կասեցնել երկրի մասնակցությունը Համաշխարհային հարկային համաձայնագրին՝ միջազգային հարկային համաձայնագրին, որը ստեղծվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հովանու ներքո: Հրամանագրում ասվում է, որ համաձայնագիրը կորցնում է «ուժը կամ ազդեցությունը» Միացյալ Նահանգներում։

Դաշնային կառավարության մասին

ԱՄՆ դաշնային կառավարության հազարավոր պետական ծառայողներ դասակարգվում են որպես քաղաքական նշանակումներ, ինչը հեշտացնում է նրանց աշխատանքից ազատելը: Գործադիր հրամանագիրը բացատրում է, որ «նախորդ տարիներին շատ լավ փաստագրված դեպքեր են եղել, երբ դաշնային աշխատակիցները դիմադրել են և խափանել գործադիր իշխանության ղեկավարության քաղաքականությունն ու հրահանգները»:

Մեկ այլ՝ առանձին գործադիր հրամանագրով Թրամփը կարգադրել է վերացնել աշխատակիցներին աշխատանքի ընդունելու պրակտիկան՝ ելնելով իրենց ռասայական, սեռի կամ կրոնական պատկանելիությունից:

Նախագահը նաև չեղյալ է հայտարարել նախորդ վարչակազմի տասնյակ գործադիր հրամանագրեր, այդ թվում՝ բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) քաղաքականության մասին: Գործադիր հրամանագրում ասված է, որ այն վնասում է ամերիկյան ինստիտուտներին՝ «փոխարինելով քրտնաջան աշխատանքը, վաստակը և հավասարությունը բաժանարար և վտանգավոր արտոնյալ հիերարխիայով»:

Գաղտնի տվյալներ

Թրամփը վերահաստատել է, որ ԱՄՆ հետախուզական համայնքը պետք է դուրս լինի կուսակցական հիմքով տարվող քաղաքականությունից։ Անվտանգության թույլտվություն ունեցող պաշտոնյաներին արգելվում է օգտագործել իրենց կարգավիճակը ընտրությունների վրա ազդելու համար: Ըստ հրամանագրի, գաղտնի տեղեկատվությունը չպետք է հրապարակվի հուշերում, հատկապես, եթե դրանք օգտագործվում են անձնական շահի համար:

Նույն հրամանագրով Թրամփը զրկել է ամերիկյան հետախուզության 51 աշխատակիցների այլևս ծանոթանալ գաղտնի տեղեկատվությանը։ Նախկինում այդ անձինք հրապարակային նամակ էին գրել՝ պնդելով, թե 2020 թվականին ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նոութբուքից ստացված էլեկտրոնային նամակների հրապարակումը ազդել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքի վրա և նման էր ռուսական տեղեկատվական գործողության։

Մեկ այլ հրամանագրով՝ ընդհակառակը, պահանջվում է արագացնել վարչակազմի մի շարք աշխատակիցների անվտանգության ստուգման գործընթացը, որպեսզի այդ մարդիկ կարողանան հասանելիություն ունենալ գաղտնի տեղեկություններին։ Հրամանագրի մեջ նշվում է, որ «Բայդենի վարչակազմը արհեստականորեն ձգձգել է թույլտվության տրամադրման ընթացակարգը»:

Էներգետիկա

Հրամանագրերից մեկը հայտարարում է էներգետիկ արտակարգ դրություն՝ «երկրի կարիքները բավարարելու համար էներգետիկ ենթակառուցվածքների կրիտիկական բացը լրացնելու համար»:

Հրամանագրում նշվում են նախորդ վարչակազմի քաղաքականության հետևանքները և «թշնամական օտար դերակատարների կողմից աճող սպառնալիքը»՝ ընդգծելով երկրում էներգիայի արտադրության, փոխադրման և վերամշակման հնարավորությունների ապահովման և ընդլայնման անհրաժեշտությունը:

Հիմնական հրահանգներից են դաշնային հողերում էներգետիկ նախագծերի իրականացման արագացումը, E15 բենզինի՝ ամբողջ տարվա համար վաճառքի թույլտվությունների տրամադրումը (15% էթանոլի պարունակությամբ)՝ որպես ժամանակավոր լուծում երկրում բենզինի դեֆիցիտը կանխելու համար:

Դաշնային գործակալություններին հանձնարարված է գնահատել էներգետիկ ենթակառուցվածքների խոցելիությունը, հատկապես Արևմտյան ափին, հյուսիս-արևելքում և Ալյասկայում, և պարբերաբար զեկուցել առաջընթացի մասին:

Թրամփի մեկ այլ գործադիր հրամանը նպատակ ունի վերացնել կարգավորիչ խոչընդոտները՝ երկրում էներգիայի արտադրությունն ավելացնելու և էներգիայի ծախսերը նվազեցնելու համար: Հիմնական միջոցառումները ներառում են դաշնային հողերում և ջրերում էներգիայի հետախուզման խրախուսում, քայլեր, որոնք պետք է Միացյալ Նահանգները վերածեն հազվագյուտ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման գլոբալ առաջատարի, և ողջ ԱՄՆ-ում էներգիայի հուսալի մատակարարման ապահովում:

Հրամանագիրը, փաստորեն, հետքայլ է էլեկտրական մեքենաների օգտին տարվող քաղաքականությունից և պահանջում վերացնել բենզինով աշխատող մեքենաների նկատմամբ սահմանված կարգավորիչ խոչընդոտները: Հրամանագիրը նաև ազդում է այլ ապրանքների հասանելիության վրա՝ օրինակ՝ շիկացած լամպերի, աման լվացող մեքենաների և լվացքի մեքենաների, գազօջախների և այլն։

Շրջակա միջավայր

Թրամփը հրամայել է Սակրամենտո-Սան Խոակին դելտայից ավելի շատ ջուր տրամադրել Կենտրոնական և Հարավային Կալիֆոռնիայի բնակիչների կարիքների համար: Նախագահի խոսքերով, «իբր թե ձկների և այլ ձկնատեսակների պաշտպանության պատրվակով […] ջրի այս հսկայական պաշարն անօգուտ հոսում է Խաղաղ օվկիանոս»։ Հրամանագրում Թրամփը նաև ասել է, որ Կալիֆոռնիան հուսալի ջրամատակարարման կարիք ունի՝ հիշեցնելով նահանգի հարավում տեղ գտած ավերիչ հրդեհները։

Բնապահպանությանն առնչվող մի շարք այլ որոշումներ անդրադարձել են նաև էներգետիկ խնդիրներին։ Գործադիր հրամանագրերից մեկը սառեցնում է արտաքին մայրցամաքային շելֆում` դաշնային տարածքի հողակտորների, հատվածների վարձակալության հանձնումը՝ հողմակայանների կառուցման համար, սակայն այն չի ազդում գործողների վարձակալության վրա:

Մեկ այլ հրամանագրով Թրամփը չեղարկել է Ալյասկայում օգտակար հանածոների արդյունահանման սահմանափակումները՝ մասնավորապես, Արկտիկայի Վայրի բնության ազգային ապաստարանում, որոնք սահմանվել էին նախորդ վարչակազմի օրոք։

Նախագահը նաև որոշել է երդմնակալության օրը իր հրամանագրերից մեկը նվիրել ճարտարապետությանը։ Նա պահանջել է երկու ամսվա ընթացքում իրեն ներկայացնել առաջարկություններ, որոնց շնորհիվ «դաշնային հասարակական շենքերը պետք է տեսողականորեն ճանաչելի լինեն» և «հարգեն տարածաշրջանի, ավանդական և դասական ճարտարապետական ժառանգությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031