Իր երդմնակալության ճառում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունը կլինի այն, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական եւ իգական: Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Թրամփին, կարող ենք արձանագրել, որ նա ամերիկյան եւ ընդհանրապես Արեւմուտքի քաղաքականության մեջ որոշակի՝ պահպանողական միտումն արտահայտողն է:
Վերջին տասնամյակներում «գենդերային» խնդիրն աշխարհում շատ էր խորացել եւ հաճախ համապատասխան կառույցները փորձում էին ռացիոնալիզացնել ցանկացած ցնդաբանություն: Օրինակ, որոշ տեղերում պահանջվում է, որ ծնվելուց երեխայի սեռը պետք է նշվի ոչ թե որպես արական կամ իգական, այլ՝ «բժիշկը բնորոշել է սեռը որպես արական (կամ իգական)»: Այսինքն՝ բժիշկր, տեսնելով նորածնի համապատասխան օրգանը, տեսականորեն կարող է որոշել, որ նորածինը, չնայած դրան, այնուամենայնիվ, աղջիկ է: Ու նման հարյուրավոր անհեթեթություններ:
Իհարկե, սեռերի հետ կապված պետք է լինեն նորմալ, բանական պահանջներ: Սեռական խտրականությունը կտրականապես մերժելի է. կինը նույնքան արժեքավոր աշխատակից է, որքան տղամարդը, հաճախ՝ ավելի արժեքավոր: Կանանց ավելի շատ պաշտոններ տալը միայն խրախուսելի է: Ուրիշ հարց՝ եթե դու դատախազ ես կամ նախարար, դու չպիտի ակնկալես, որ քեզ ավելի մեղմ են քննադատելու, քան այդ պաշտոնը զբաղեցնող տղամարդուն: (Չնայած՝ անձամբ ես որոշակի մեղմության կողմնակից եմ):
Սեռական պահվածքն էլ, բնականաբար, մարդու անձնական գործն է: Բայց ցանկացած պահվածք չպիտի լինի այնքան ցուցադրական եւ էպատաժային, որ վիրավորի մնացած մարդկանց զգացմունքները:
Կարդացեք նաև
Ինչ գործնական հետեւանքներ կունենա այդ՝ հնարավոր պահպանողական շրջադարձը, եթե ընդունենք, որ ԱՄՆ քաղաքականությունն ազդում է ԵՄ-ի վրա, իսկ ԵՄ-ի ներսում նույնպես նկատելի է այդ շրջադարձը: Հետեւանքը կարող է, օրինակ, լինել այն, որ հայաստանյան հ/կ-ները, որոնք մասնագիտանում են «գենդերային» հարցերում, ավելի դժվարությամբ դրամաշնորհ ստանան՝ 54 սեռերի պաշտպանության համար:
Իսկ եթե հարցին ավելի լայն մոտենանք, ապա գուցե դրամաշնորհներ ավելի քիչ տրվեն նրանց, ովքեր ձեւ են անում, թե հետեւում են «կոռեկտության» մակարդակին եւ համապատասխան զեկույցներ (մատնագրեր) են գրում արեւմտյան կառույցներին:
Ես արեւմտյան, իրականում՝ համամարդկային (Իմանուիլ Կանտի, Ջոն Լոքի, նաեւ Թոմաս Ջեֆերսոնի ձեւակերպած) արժեքների ջատագով եմ՝ իմ գործունեությամբ պաշտպանում եմ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները: Հենց այդ պատճառով անընդունելի եմ համարում, որ իմ գլխին փաստացի «վերակացուներ» են նշանակվում, որոնք ինձ պետք է ստուգեն եւ իմ մասին զեկուցեն: Դա ինձ հիշեցնում է Սովետը եւ Միխայիլ Սուսլովին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան էջից
«գենդերային հաւասարութիւն» նշուած է յօդուածին խորագիրներուն մէջ:
Սակայն – Արեւմուտքի մէջ – ոչ՝ Պահպանողականութիւնը ընդհանրապէս, ոչ ալ՝ Թրամփը յատկապէս, բնաւ խնիր չունին՝ երկու սեռերի միջեւ հաւասարութեան հետ: Այդ խնդիրը շատո՜նց է, որ լուծուած է այս ափերուն վրայ:
Խնդիրը – որ արդէն Թրամփը պաշտօնապէս լուծեց -, երկու սեռերու… բնորոշումն էր !
Ո՞վ է՝ կին, ո՞վ է՝ տղամարդ…
Եւ ոեւէ տղամարդ, պարզապէս իր հռչակումով, կրնայ կին դառնալ, եւ փոխադարձաբար: Ոչ թէ հազուադէպ, պատահական, բացառիկ պարագաներու, այլ՝ տիեզերական տարողութեամբ, համակարգային կերպով: Բացարձակապէս անհետացնելով՝ անձին կենսաբանական սեռը:
Իսկ *հաւասարութիւնն* ալ, ինքնին, երբեք խնդր չէ: Այլ՝ equity ըսուածը, որ կը զանազանուի equalityէն… եւ որ հաստատեց կոպիտ եւ անսանձ, ահաւոր խտրականութեան համակարգ մը, ի դէմ՝ Մարդկութեան մեծամասնական խմբաւորումներուն:
Ասոնք, MAGA շարժումին էական պատճառներու շարքին են: Ի միջի այլոց:
Մ. Հայդուկ Շամլեան