Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

Ով ականջ ունի թող լսի

Հունվար 22,2025 13:00

Հեղի՜ր սերդ, Տե՜ր, սիրուց ցամաք երկրիս վրա

Երեւան. ամեն օր քայլում եմ քո փողոցներով, բակերով, այգիներով ու սիրտս ցավում է… Ականջները դակած, տխուր աչքերով անտուն շներ՝ վախեցած, սոված, հիվանդ, նույն անմխիթար վիճակում կատուներ, ինչ-որ մեկի օգնության հույսով խանութների մուտքերի առջեւ հերթապահող: Տասնյակ կարկատաններով դարուփոս մայթեր, այստեղ-այնտեղ կիտված շինարարական ավազի բլուրներ, աշխատանքի ավարտից հետո (հաճախ կիսատ-պռատ արված), փնթի, թափթփված տարածք, փոշի. ծառեր, շա՛տ ծառեր՝ երեկ տնկած, էսօր չորացած, ցելոֆանե տոպրակներ անսահմանափակ տիրաժով՝ ցամաքում, օդում, ջրում: Սովորական դարձած պատկեր՝ փողոցն ի վար անտեղի հոսող ջուր. ամեն անկյունից «աչք շոյող» աղբի կույտեր. ահազանգելն անօգուտ է՝ եկան նկարեցին ու վերջ: Երեւի ընդամենը ուզում էին տեսնել էն միամիտին, որը դեռեւս ինչ-որ լավ բանի հույս ուներ: Բակերի տարիների վաղեմության աղբ, որ չի հուզում անգամ այդտեղ ապրողներին: Ի՜նչ խոսք, չարժե համատիրությանը անհանգստացնել նման մանրուքով (ռիսկի գործ է), բայց մի քիչ կա՜մք դրսեւորեք, բնակիչներով իջեք, մաքրեք բակը, որտեղ, ի դեպ, շատերիդ մեքենաներն են կայանած. սա նաեւ լավ օրինակ կծառայի բակում խաղացող ձեր երեխաներին ու թոռներին, որոնք ուրախությամբ կմիանան ձեզ: Գլխապտույտ արագությամբ շարունակվում է նախկին իշխանությունների սկսած ու Երեւանի հերն անիծած շինարարական բումը. «Նախկիններից ինչո՞վ ենք պակաս, հայերն էլ գնում են, թող գնան, հարեւանները կգան, տեղը կլրացնեն»:

Արդեն իսկ այլազգիների թիվը Երեւանի փողոցներում օր օրի վրա ավելանում է. ովքե՞ր են, որտեղի՞ց… Այս խնդրով զբաղվողներ կա՞ն:

Հարգված մի մարդ նախկինների օրոք ասում էր. «Ո՜ր ոլորտը բացում ես, գարշահոտություն է տարածվում»: Հիմա՝ թունավոր գազ է: Արցախի կորստից հետո երկրի քանդումը բոլոր ուղղություններով մտել է արագացված փուլ: Ամեն ինչ ձախողած իշխանությունների գամերը քաշող չկա:

Իսկ ժողովո՞ւրդը…

Մեր երկրի պատմության ընթացքում ազգի սերուցքը քանիցս ոչնչացվել է, ժողովուրդը հանձնվել բախտի քմահաճույքին. իսկ արդեն տեւական ժամանակ, ներկայումս նոր թափ առած՝ դրսից կառավարվող ծրագիր է իրականացվում, ուղեղների լվացում- ազգը պառակտել, այլասերել, զոմբիացնել. Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաին, մոլախաղերի ռեկորդային տարածում, հանցագործությունների 66 տոկոս աճ: Իշխանության գործելակերպն է դարձել ժամանակ առ ժամանակ «մտքի գոհարներ» նետել հրապարակ՝ մեր ներաշխարհը խառնելու, խարխլելու միտումով. խուճապ, վախ, հուսահատության, դատապարտվածության զգացումներ ներշնչել, միմյանց միջեւ թշնամանք, ատելություն բորբոքել, զայրացնել, հունից հանել, հասցնել ներվային խանգարման, հայհոյանքի, անեծքի:

Չտրվենք դրան, թույլ չտանք պղտորել մեր միտքը, ապականել մեր հոգին. դա կործանման տանող ամենակարճ ճանապարհն է, եւ մեր թշնամիները լավ գիտեն սա:

Շատերին ենք մենք խանգարում, շատերն են սպասում մեր կործանմանը:

Ողջ աշխարհը քաոսի մեջ է:

Թիրախավորված է եւ Հայաստանը, որպես հնագույն քաղաքակրթության կրող, որպես քրիստոնեության ջահակիր: Մենք պետք է սիրո աղբյուր լինենք, սե՜ր տարածենք ամենուր:

Կարո՞ղ ենք…

«Իմ խեղճ, իմ նահատակ, իմ մեծ ժողովուրդ, հղի նոր խոսքով, ճշմարիտ տեսիլներով, բայց ջարդված, ատված, թքված ու արհամարհված աշխարհի բոլոր լկտի եւ լիրբ ազգերի կողմից՝ շահամոլների եւ պոռնիկների կողմից, ոճրագործների եւ բռնավորների. տմարդ, տգետ, սրիկա թշնամին ջախջախեց քեզ՝ արմատախիլ արեց քո բազմահազարյա հողից…

Դո՜ւ, իմ ժողովուրդ, սո՜ւրբ, մաքուր, միամի՜տ ժողովուրդ, զոհ քո հավատքին դեպի մարդը, եղբայրը, մարդկայինը, սերը, ազնվությունը, գութը, համամարդկայինը, արդարությունը եւ վեհ իդեալները… Դու քո ջարդված, ճղակոտոր, հաշմ տեղովդ բարձր ես բոլորից, բոլորից» (Իսահակյան, 1922թ., հունիս):

Ի՞նչ է եղել քեզ, բազմաչարչար ժողովուրդ: Ինչո՞ւ այդքան հեշտ եղավ քեզ թակարդը գցելը: Օգտվեցին քո՝ միամիտ Դավթիդ մաքրությունից, դյուրահավատությունից, սիրաշահելով ու խաբելով հորը գցեցին անհատակ:

Օխտը գոմշի կաշի հագավ,

Որ չպատռի իրեն զոռից,

Կանգնեց Օհան, ամպի նման

Գոռաց Սասմա սարի ծերից:

–Հե՛յ-հե՛յ Դավի՛թ, որտե՛ղ ես դու.

Հիշի՛ր խաչը քո աջ բազկի,

Սուրբ Տիրամոր անունը տո՛ւր,

Ու դուրս արի լույսն արեւի…

Էսպիսի մի պատկեր եմ տեսնում. երկնքից երկու զորեղ ձեռք Հայաստան երկիրը բարձրացնում է ու թափ տալիս… ինչե՛ր չեն թափվում այնտեղից՝ դարեր, գուցե հազարամյակներ կուտակված ու երկրի շունչը բռնած: Եվ արդեն շնչահեղձ եղող Հայաստանը նոր շունչ է առնում:

Բայց Աստված նրա՜ն է հասնում օգնության, ով հավատարիմ է Իրեն. Աստվածաշնչում սա վկայող շատ օրինակներ կան. «Ինձ եկողին չպիտի թողնեմ»:

Հավատարի՞մ ենք Աստծուն, կատարո՞ւմ ենք պատվիրանները:   Աշխարհից արդարություն ենք պահանջում, բայց մե՜զ նայենք՝ ինչպիսի՞ն ենք որպես երկիր, հասարակություն, ի՞նչ արժեքներ ենք դավանում, որո՞նք են մեր առաջնահերթությունները: Աստծու կամքն է, որ մենք մաքրվենք՝ մտքով, խոսքով, սրտով, եւ երբ մեր ներաշխարհը խաղաղվի ու լցվի Սիրով՝ հերթով կգտնենք բոլոր խնդիրների ճշգրիտ լուծումները:

Բայց Մաքրվելը դյուրին բան չէ: «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող»,-ասում է Աստված: Ինչո՞ւ չենք կարողանում հասկանալ, որ սա ճշմարտություն է:

Արդեն եզրագծին ենք մոտեցել – ցած կընկնենք, թե Հայաստանը նոր շունչ առած կհառնի՝ կախված է յուրաքանչյուրիցս:

Մռնչալով ելավ տեղից

Էն Առյուծի առյուծ որդին,

Իր ձին հեծավ ու փոթորկեց,

Խաղաց, շողաց Թուր-Կեծակին:

Արդ լսի՜ր Ձենով Օհանի կենարար Ձայնը, հիշի՜ր Ով լինելդ, հիշի՜ր ուժդ ու դո՜ւրս արի լույսն արեւի՝ վերածնված, իմաստնացած ու զորացած:

Աշխարհը սպասո՜ւմ է մեր Դարձին:

ԱՐՓԻԿ ԻՆՃԻԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031