Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

Ոչ ոք չգիտեր…

Հունվար 22,2025 12:30

Տատս հավերի առաջ ցորեն շաղ տվեց ու մեր երեք զույգ ոչխարներին արոտ ճանապարհեց։

Օգոստոս ամիսն էր։

Կեսօրին դպրոց էինք գնալու, որ ընդունվեինք՝ քույրս 9- րդ դասարան, ես՝ 8-րդ։ Տատիս կարած մեր ամենասիրուն շորերը հագանք, գնացինք։ Դպրոցի դարպասներից ներս մտանք ու աշխարհը իմ համար դարձավ գիրք։

Կարդացեք նաև
Հանդի բույրը
Սպիտակ ալյուր

Թանգարանի էր նման դպրոցի բակը։ Մտանք ներս ու գնացինք տնօրենի կաբինետ։ Բարձրահասակ, ալեխառը մազերով, բարության բծերը ունքերի արանքում թաքցրած տնօրենը ընկեր Ավետիսյանն էր։

Ընդունվեցինք։
Ավետիսյանների տունը դպրոցից մի քանի քայլ էր հեռու։ Առավոտները դասարանի պատուհանից նայում էի դպրոց շտապող ընկեր Ավետիսյանին։

Մի տղա կար մեր դպրոցում, ինքն էլ էր շուտ հասնում դպրոց։ Գալիս էր մեր դասարան, իմ հետ պատուհանից նայում ու զրուցում հետս՝ աշխարհագրությունից, պատմությունից։ Մենք ընկերացանք։ Երբեմն դպրոցից միասին էինք տուն գնում։ Իրենց տունը գյուղի սկզբնամասում էր, մեր տնից շատ հեռու։ Դպրոցական օրերից դուրս նրան չէի տեսնում։

Էրիկն էր, Լալայան Էրիկը։

Նրան մի սիրուն դերասանի էի նմանեցնում։ Ուրախանում էր, երբ ասում էի։ Զինվորական հայրը 90-ականներին ազատագրել էր հայրենիքը։ Ինքն էլ սիրում էր զինվորական համազգեստ հագնել։ Չգիտեինք, թե կյանքն ինչ էր պատրաստել նրա ու մեր համար։

Էրիկը դարձավ զինվորական, մեծ ընտանիք կազմեց, կնոջ ու զավակների հետ շենացրեց գյուղը։

Շատ տարիներ չանցան։

Իր ծաղկեցրած գյուղի մատույցներում, թշնամու արկի պայթյունից ընկել է Էրիկը, երբ օգնության է վազել…

Ասում են՝ Էրիկը խնդրել էր, որ ընտանիքը, ոչ մի դեպքում, գյուղից դուրս գալու մասին չմտածեր։

Էն սիրուն դերասանի նման, մեզ նայող, իմ մանկության ընկերը…

Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ

Արցախ, Մեծ-Թաղեր

«Առավոտ» օրաթերթ
21.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031