Ռազմավարական գործընկերություն դեռեւս չկա, առայժմ ունենք` Կանոնակարգ եւ հանձնաժողով
Անցյալ շաբաթ` հունվար 14-ին, Վաշինգտոնում կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. ստորագրվեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որի հիմքով ստեղծվելու է ռազմավարական գործընկերության հանձնաժողով, որը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը` տնտեսական, անվտանգության եւ պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության եւ միջանձնային հարաբերությունների ոլորտներում։
Հայաստանցի ու ամերիկացի պաշտոնյաները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարությամբ, անցյալ տարի Երեւանում ԱՄՆ-Հայաստան նիստ անցկացրին, որից հետո էլ հայտարարեցին ռազմավարական երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելու մասին։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Այս երկու իրադարձություններն, անշուշտ, խիստ կարեւոր իրադարձություններ են, որոնց հիմքում Հայաստանի նշանակությունը Հարավային Կովկասում ավելի նշանակալի է դառնում:
Կարդացեք նաև
Խիստ ուշագրավ էր ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենի հայտնած տեղեկությունը, որ առաջիկայում մաքսային եւ սահմանային պարեկային թիմ կուղեւորվի Հայաստան եւ արձանագրումը, որ` Ռազմավարական գործընկերության հանձնաժողովը հայ-ամերիկյան հարաբերություններն ընդլայնելու մեծ հնարավորություն է տալիս:
«Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մաքսային եւ սահմանապահ ծառայության մեր թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության համագործակցության ամրապնդման, Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ՝ Eagle Partner-ի նման զորավարժությունների միջոցով: Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության եւ պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության եւ միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,- նշեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բացի այդ, նա հայտարարեց, որ աշխատում են Հայաստանի հետ՝ ամրապնդելու ջանքերը ինքնիշխանության եւ սուվերեն տարածքի պաշտպանության ուղղությամբ։
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի Պաշտպանություն եւ անվտանգություն բաժնում ասվում է, որ` Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանին, որ` Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի եւ տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի եւ ժողովրդավարական զարգացման համար, եւ որ Պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։
Իր հերթին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնի ջանքերի, Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականության ու ՀՀ անկախությանն աջակցելու համար։ Երեւանը հանձնառու է խաղաղության օրակարգին եւ դրա իրագործմանը, ինչպես նաեւ շարունակելու սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար, նշեց նա։ Արարատ Միրզոյանը նաեւ ընդգծեց, որ պաշտոնական Երեւանը պատրաստակամ է աշխատելու Նահանգների նոր վարչակազմի հետ։
Ինչ վերաբերում է կանոնադրությանը, նա նկատեց՝ այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական եւ էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության եւ անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության եւ օրենքի գերակայության խթանում, նորարարությունների եւ բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաեւ մարդկանց միջեւ շփումների ընդլայնում։ «Մենք նաեւ սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ եւ կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության եւ չտարածման ամենաբարձր չափանիշներով», – ասաց նա։ Միրզոյանը նաեւ հայտնեց, որ «համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով» Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ «հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»:
Արարատ Միրզոյանը փաստաթղթի ստորագրումից առաջ խոսեց նաեւ խաղաղության մասին. «Մենք կարծում ենք, որ կայուն եւ բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների եւ ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին եւ դրա իրագործմանը, ինչպես նաեւ շարունակելու սերտ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար»։ Սա ասվեց այն դեպքում, երբ Բաքուն կտրականապես մերժում է բանակցային ամերիկյան միջնորդությունը՝ Բայդենի վարչակազմին մեղադրելով կողմնապահության մեջ, իսկ Ալիեւը ընդամենը օրեր առաջ հանդես եկավ ընդդեմ Հայաստանի ագրեսիվ նոր մեղադրանքներով ու հերթական պայմանների շարանը առաջ քաշեց:
Այսպես, Միացյալ Նահանգներն աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում շեշտվում է երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Հայ-ամերիկյան փաստաթղթում արձանագրվում է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունի եւ բախվում է մարտահրավերների համաշխարհային առեւտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով, Վաշինգտոնն աջակցում է Երեւանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին՝ Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի խթանման միջոցով:
Արձանագրենք` ստորագրվել է ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնակարգ, որն առայժմ բուն գործընկերություն չէ: Սա փաստաթուղթ է, որով կուղենշվեն հետագա անելիքները՝ հասնելու ռազմավարական գործընկերության։
Օրինակ, եթե Երեւանն ու Վաշինգտոնը որոշեն անվտանգային հարցերի անդրադառնալ` արտաքին սպառնալիքներին հակազդելու նպատակով, պարզ է, որ անհրաժեշտ են լինելու նոր որոշումներ` գոնե Հայաստանի ռազմական կարողությունների բարձրացման ուղղությամբ:
Ի վերջո, Հայաստանը բախվում է արտաքին մարտահրավերների, ինչը ենթադրում է, որ փաստաթղթում կարող էր նշվել, որ Հայաստանը առերեսվում է լրջագույն խնդիրների, եւ այս համատեքստում Հայաստանին անհրաժեշտ է այս կամ այն ոլորտներում հստակ աջակցություն:
Փաստաթղթի ստորագրումից 2 օր անց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանում տարածեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության եւ հանձնաժողովի վերաբերյալ: Հայկական կողմի հաղորդագրությունում «հանձնաժողով» բառը բացակայում էր, փաստաթուղթը ներկայացվում էր որպես «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Ռազմավարական գործընկերության կանոնադրություն»։ ԱԳՆ-ին հարց էին ուղղել, թե ինչով է պայմանավորված այս տարբերությունը։
Հայաստանի ԱԳՆ խոսնակն ի պատասխան նշել էր, որ կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը եւ միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձեւաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով։
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողությունն ամրապնդելու, քաղաքականությունը համադրելու ու տեղեկատվություն փոխանակելու համար. սա երկու երկրների միջեւ ստորագրված Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության կետերից մեկն է:
Սրանք այն ապրանքներն են, որոնք կարող են նաեւ ռազմական նպատակներով օգտագործվել՝ միջուկային նյութերից, միկրոպրոցեսորներից մինչեւ նավիգացիոն սարքավորումներ ու լազերներ: Հայաստանն այդ տեսակի ապրանքներ արտադրող խոշոր երկիր չէ, բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո Արեւմուտքը տեւական ժամանակ հայտարարում էր, որ նաեւ Հայաստանի միջոցով են Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնում: Թեման պարբերաբար նաեւ համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվում:
Կրեմլին պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելու տարատեսակ պնդումներին ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունները հերքում էին մեղադրանքները: Բացի այդ, արեւմտյան պատժամիջոցների ցանկերում նաեւ Հայաստանում գրանցված ընկերություններ հայտնվեցին: 2023-ին Հայաստան այցելեցին պատժամիջոցների հարցերով զբաղվող ԱՄՆ եւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս իրադարձություններից մի քանի ամիս անց կառավարությունն այդպիսի ապրանքների հսկողությունը խստացնող օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց:
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումից 3 օր անց հայտնի դարձավ, որ Երեւանն ու Վաշինգտոնը սկսում են բանակցել 123 միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը նշանակում է, որ Միացյալ Նահանգներն արդեն հաստատել է Հայաստանի՝ համաձայնագրին միանալու դեռ անցյալ տարի ուղարկված դիմումը:
Էներգետիկայի ոլորտը համակարգած նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ազատությանը» կարծիք էր հայտնել, թե ինչպես կընթանան բանակցություններն ու երբ կստորագրվի համաձայնագիրը, Երեւանից բացի, կախված կլինի նաեւ Վաշինգտոնի նոր վարչակազմից: «Այս փաստաթուղթը ընդհանուր ուղղակի հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում գործող միջուկային ոլորտի ընկերությունների հետ ունենալ համագործակցություն՝ դա կլինի գործող ատոմակայանի մասով, դա կլինի ընդհանրապես ոչ ատոմայականի, բայց միջուկային ոլորտի, միջուկային էներգիայի մասով ընդհանրապես, թե նոր ատոմակայանի մասով», -նշել է Վարդանյանը՝ շարունակելով. «Առանց այս համաձայնագրի ստորագրման ԱՄՆ-ը թույլ չի տալիս իր երկրի տարածքում գործող որեւէ միջուկային ոլորտի ընկերության համագործակցել այն երկրի հետ, որը չի միացել համաձայնագրին»:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս ոլորտին անդրադառնալով, նշել էր, որ ստորագրված փաստաթուղթը` «նոր ուղիներ կբացի միջուկային էներգիայի, գիտության եւ տեխնոլոգիայի ոլորտներում համատեղ աշխատանքի համար»։ Ըստ էներգետիկայի ոլորտը համակարգած նախկին փոխնախարարի` «Հնարավորություն է, որ թեկուզեւ գործող ատոմակայանի, կամ հետագայում որեւէ համագործակցություն լինի, կամ ամերիկյան ընկերությունները կարողանան գան Հայաստանում մեր միջուկային ոլորտի մրցույթներին մասնակցեն»:
Ինչպես հայտնի է, Հայաստանը վերջին տարիներին զբաղվում է նոր ատոմակայան կառուցելու նախապատրաստական աշխատանքներով, ուսումնասիրվում են մի քանի երկրներից ստացված առաջարկներ։ Պաշտոնապես չի հայտարարվել, բայց ե՛ւ սեղանին դրված առաջարկներն ուսումնասիրող մասնագետների, ե՛ւ տարբեր պաշտոնյաների հարցազրույցներից պարզ է դառնում, որ Երեւանում հակված են կառուցելու փոքր ռեակտորով ատոմակայան։ Շրջանառվում են տեղեկություններ, որ ամենաիրատեսական առաջարկները եղել են ամերիկյան, ռուսական ու հարավկորեական տարբերակները:
Երեւան-Վաշինգտոն հարաբերություններում, ակնհայտ է, որ հունվարի 14-ին տրվել է կարեւոր մեկնարկ, եւ հետագայում ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե Երեւանն ու Վաշինգտոնը որքան են պատրաստ լրջացնել հարաբերությունները եւ ինչ խորությամբ: Ստորագրված փաստաթուղթն, իսկապես, «հնարավորություններ է ստեղծում»:
Այդ փաստաթղթից հնարավոր է ե՛ւ ըստ արժանվույն օգտվել, ե՛ւ կարելի է այն փակել դարակում ու մատը մատին չտալ:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 21.01.2025