ՀՌՀ Նախագահ Տիգրան Հակոբյանը գրում է.
Այսօր Ազգային Ժողովում պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեղադրանքներ հնչեցրեց մի քանի մարզային հեռուստաընկերությունների հասցեին։ Ըստ պարոն Մանուկյանի, այդ հեռուստաընկերությունները «աղանդավորության տոտալ քարոզ» են իրականացնում, եւ դա անում են «ստվերային ֆինանսավորման եղանակով»:
Քանի որ հեռարձակող լրատվամիջոցների նաեվ ազատությունն ու անկախությունն ապահովող անկախ պետական մարմնի ղեկավար եմ, ստիպված եմ արձագանքել հարգարժան պատգամավորի ելույթին եվ թեզերով անդրադառնալ իրականությանը չհամապատասխանող եվ մարզային հեռուստատեսությունների բարի համբավը ստվերող պնդումներին:
1․ Նախ խորհուրդ եմ տալիս պարոն Մանուկյանին եվս մեկ անգամ ուշադիր կարդալ «Խղճի ազատության եվ կրոնական կազմակերպությունների մասին» եվ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքները, հատկապես այն հոդվածները, որոնք երաշխավորում են կրոնական կազմակերպությունների իրավունքները օգտվել զանգվածային լրատվության միջոցներից, կամ ապահովում են լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության անկախությունը:
Կարդացեք նաև
2․ Կխնդրեմ պարոն Մանուկյանին բացատրել մեզ, թե ինչ է հասկանում «աղանդ» բառն օգտագործելիս (վերընշված օրենքներում բացակայում է այդ բառի հասկաթությունը): Եթե նկատի ունի ցանկացած այլ կրոնական կազմակերպություն (բացի Հայ Առաքելական Եկեղեցուց), ապա ոչ միայն օրենսդրությունը, այլ նաեվ ՀՀ Սահմանադրույթյունը երաշխավորում է բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
- Այն, ինչը Գ․Մանուկյանի համար «աղանդավորության տոտալ քարոզ» է՛ իրականում մի հայկական կրոնական կազմակերպության կողմից պատրաստած հայերեն լեզվով կրոնական հաղորդումների շարք է, որը ամիսը մի քանի անգամ ցուցադրում են չորս մարզային հեռուստատեսություններ (իմիջիայլոց, «տոտալ քարոզի» զգալի մասը հոգևոր երգեր են)։ Բոլոր չորս ԹՎ-ները ցուցադրում են այդ հաղորդաշարը համաձայն կրոնական կազմակերպության հետ կնքված պայմանագրերի, այլ ոչ թե «ստվերային ֆինանսավորման եղանակով»։ Ավելին, չորս ԹՎ-ներից երկուսի էկրանին հաղորդման ցուցադրման ընթացքում գրված է «ՎՃԱՐՈՎԻ ԵԹԵՐԱԺԱՄ»։ Հետևաբար, մեղմ ասած, կոռեկտ չէր առանց փաստերը ստուգելու մեղադրել մարզային հեռարձակողներին անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու մեջ։
- Տվյալ հաղորդումը եղել եվ մնում է Հեռուստատեսության եվ ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ 2019 թ․ մարզային հեռուստատեսություններից մեկը տուգանվել էր ՀՌՀ-ի կողմից (տուգանքի չափը՛ 500 000 դրամ) այս հաղոդաշարի հաղորդումներից մեկում հնչած ազգային եվ կրոնական խտրականություն պարունակող բովանդակության համար (անպարկեշտ, օրենսդրությամբ արգելված արտահայտություններ էին հնչել հնդիկների, հինդուիզմի եւ Մուհամմադ մարգարեի հասցեին)։ Այդ տհաճ միջադեպից հետո պայմանավորվածություն էինք ձեռք բերել մարզային ԹՎ-ների հետ մինչև հերթական հաղորդումը եթեր հեռարձակելը ուսումնասիրել բովանդակությունը, անհրաժեշտության դեպքում վերամոնտաժել հաղորդման այն դրվագները, որոնք կարող են խնդրահարույց լինել օրենքի եվ էթիկայի նորմերի առումով։ Այդ պայմանավորվածությունները ԹՎ-ները առ այսօր չեն խախտել։
5․ Մի քանի տարվա ընթացքում այս հաղորդաշարի կապակցությամբ ՀՌՀ-ն տասնյակ դիմումներ է ստացել, այդ թվում նաեվ Հայ Առաքելական եկեղեցուց։ Պատշաճ ձևով պատասխանել ենք բոլորին, մանրամասն պարզաբանումներ ներկայացրել։ Կարծես, մեր պատասխանները սպառիչ են եղել, բողոքները դադարել են։
Մեծ հաճույքով կպատասխանեինք Գ․Մանուկյանի հարցադրումներին, եթե այդպիսիք ստանայինք։ Ցավոք, քաղաքական գործունեությունը հաճախ շփման այլ եղանակներ է նախատեսում, որի վերջնարդյունքը ամենևին ճշմարտության բացահայտումը չի։
Հ․Գ․ Գեղամ Մանուկյանը, վստահ եմ, չի կասկածում, որ մարզային (եվ ոչ միայն) հեռուստատեսությունները պատասխանիս համար իրենց հարթակները պատրաստ են տրամադրել։ Չդիմեցի իրենց օգնությանը, որեւէ անգամ մտքովս չի անցել չարաշահել իմ պաշտոնական դիրքը։
Գեղամ Մանուկյանի հետ արդյունավետ աշխատել ենք, լավ գործընկերներ ենք եղել, երբ նա լիցենզավորված հեռուստատեսության ղեկավարներից մեկն էր։ Շատ լավ ծանոթ է հեռարձակողների խնդիրներին։ Թե ինչն էր մարզային ԹՎ-ների հասցեին անհիմն մեղադրանքների պատճառը, դժվարանում եմ ասել։ Բայց տհաճ էր․․․
Գեղամ ջան, եվ ՀՌՀ-ն է նույն հասցեով, եվ աշխատասենյակս է նույն հարկում, եվ հեռախոսահամարս է նույնը։