Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնորդները շնորհավորում են Դոնալդ Թրամփին Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ. «Ամերիկայի ձայն»

Հունվար 21,2025 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Երկրների առաջնորդները իրենց շնորհավորանքներն են հղում ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին, ով երկուշաբթի՝ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցած երդմնակալությամբ վերստին ստանձնեց Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնը։

«Նախագահ Թրամփը միշտ վճռական է, և նրա հայտարարած՝ ուժի միջոցով խաղաղության քաղաքականությունը հնարավորություն է տալիս ամրապնդել ամերիկյան առաջնորդությունը և հասնել երկարաժամկետ ու արդար խաղաղության, ինչը առաջնահերթություն է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Համոզված եմ, որ համագործակցելով մենք կրկին անգամ ավելի մեծ բարձունքների կհասցնենք ամերիկա-իսրայելական դաշինքը»,- իր հերթին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իսրայելի կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին «Համասի» ձեռքում գտնվող պատանդներին ազատելու ջանքերի համար:

«Քանի որ պարոն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ վերջ դնելու է ռուս-ուկրաինական պատերազմին, մենք… կանենք անհրաժեշտ ամեն ինչ այդ կապակցությամբ։ Մենք պետք է լուծենք այս հարցը որքան հնարավոր է շուտ… Ես կցանկանայի, որ պարոն Թրամփի երկրորդ ժամկետը բարիք բերի ողջ մարդկությանը»,- ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում։

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնում է պաշտոնը։ Շնորհավորում եմ: Միացյալ Նահանգները մեր ամենամոտ դաշնակիցն է, և լավ անդրատլանտյան հարաբերությունները միշտ էլ մեր քաղաքականության նպատակն են»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Կանադան և ԱՄՆ-ն ունեն ամենահաջող տնտեսական գործընկերությունն աշխարհում: Մենք հնարավորություն ունենք կրկին միասին աշխատել՝ ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Բրազիլիայի կառավարության անունից շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ։ Բրազիլիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և պատմական բարեկամության վրա հիմնված համագործակցության պատմությամբ։ Մեր երկրները ամուր կապեր ունեն տարբեր ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, գիտությունը, կրթությունը, մշակույթը: Վստահ եմ, որ մենք կարող ենք շարունակել առաջընթաց գրանցել այս և այլ գործընկերություններում»,- ասված է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հայտարարությունում:

«Դարեր շարունակ մեր երկու երկրների հարաբերությունները եղել են… հարատև գործընկերային հարաբերություններ։ Մենք միասին ենք՝ աշխարհը բռնակալությունից պաշտպանելու և մեր ընդհանուր անվտանգության ու բարգավաճման համար աշխատելու համար»,- հիշեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Լավագույն մաղթանքներ եմ հղում նախագահ Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ԵՄ-ն ակնկալում է սերտորեն աշխատել ձեզ հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար: Միասին աշխատելով՝ մեր հասարակությունները կարող են հասնել ավելի մեծ բարգավաճման և ամրապնդել մեր ընդհանուր անվտանգությունը: Սա անդրատլանտյան գործընկերության մնայուն ուժն է»,- ասված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի շնորհավորական ուղերձում։

«[ԱՄՆ] նախագահի պաշտոնում նախագահ Թրամփի վերադարձով՝ կտրուկ կավելացնենք պաշտպանության և արտադրության ծախսերը։ Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու և Ջեյ Դի Վենսին փոխնախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Միասին մենք կարող ենք խաղաղության հասնել ուժի միջոցով՝ ՆԱՏՕ-ի միջոցով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

«Ջերմ շնորհավորանքներ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Շվեդիան ակնկալում է շարունակել սերտ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ»,- գրել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

«Միացյալ Նահանգները մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Ակնկալում եմ սերտ համագործակցություն ձեր պաշտոնավարման ընթացքում»,- ասված է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հայտարարությունում:

«Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին։ Միացյալ Նահանգները Նորվեգիայի ամենակարևոր դաշնակիցն է, և մեր երկու երկրների միջև ամուր կապեր կան: Ակնկալում եմ լավ աշխատանքային հարաբերություններ նախագահ Թրամփի և նրա նոր վարչակազմի հետ»,- ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031