Aravot.am-ը մեդիագրագիտությանը նվիրված «Առավոտյանների ընտանիքը» հոլովակների շարքի շրջանակում այսօր ներկայացնում է, թե մարդիկ, եթե չեն հետևում մեդիագրագիտության կանոններին, ինչպես կարող են զոհ դառնալ համացանցային խաբեություններին՝ կատարելով ներդրումներ։
Ինչպես տեղեկացրել էինք, Առավոտյանների ընտանիքում պապիկ, մայրիկ և թոռնիկ ավատարներն են: Նրանք ներկայացնում են մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ իրենց սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող՝ «Առավոտի» կայքէջում և սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով անդրադարձ է կատարվում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն առնչվող տարբեր հարցերի։
Հոլովակներում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու համար։
Կարդացեք նաև
Ավատարները ստեղծվել են AI գործիքների միջոցով՝ նախ գեներացվել են ավատարների կերպարները, այնուհետև ներդրվել է ձայնը։
Այսինքն՝ այս նախագծի շրջանակում գործարկվում է մեդիագրագիտության տարածման տեխնոլոգիա +մեդիա մոդելը։
Մեդիագրագիտության վերաբերյալ կարճ հոլովակների շարքի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով հասարակության շրջանում նկատվող մեդիագրագիտության՝ ընդհանուր առմամբ ցածր մակարդակի և շատ դեպքերում տեղեկացվածության պակասի պատճառը։
Հոլովակները հասանելի կլինեն Առավոտի կայքէջում, սոցիալական ցանցերի էջերում շաբաթական երկու անգամ՝ ժամը 20։00-ին։
Առավոտյանների ընտանիքի շարքի այս տեսանյութում ներկայացվում է մի իրավիճակ, երբ արդեն ընթերցողին հայտնի Առավոտյանների ընտանիքի մայրիկը պատմում է, թե ինչպես է իր ամուսինը ներդրում կատարել, իր կամքով գումար փոխանցել համացանցային խաբեբաներին ու կանգնել փաստի առաջ։ Իբր մի ներդրումային ընկերությունից տելեգրամով գրել, առաջարկել են ներդրում կատարել, անգամ լիցենզիայի լուսանկար են ուղարկել և խոստացել, որ օրական այդ ներդրման հինգ տոկոսի չափով եկամուտ կստանա։ Ոգևորվել է, փոխանցումը կատարել, և էլ ի՞նչ տոկոս, ի՞նչ գումար․ խաբեբաներն անհետացել են։
Տեսանյութում հատուկ ուշադրություն է դարձվում մեդիագրագիտության կարևորությանը։
Հոլովակում ներկայացվում են մեդիագրագիտության հիմնական կանոնները։
Տեսանյութը նպատակ ունի բարձրացնել հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը։
Տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:
Տեսանյութում արտահայտված են հեղինակների տեսակետները, և դրանք պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ։
Հոլովակները պատրաստվել են «ԿԱՅԾԵՐ» արհեստական բանականության տեխնիկական աջակցությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ