Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Բազեյան. «Իշխանությունը իրենց վախերից տառապում է զառանցանքով, թե ինչ-որ խմբեր են ձեւավորվում, զինվում են, փորձում ներթափանցել կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին ու բռնազավթել իշխանությունը»

Հունվար 21,2025 20:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Համահայկական ճակատ» կուսակցության նախաձեռնությամբ կառավարության շենքի առջեւ այսօր բողոքի ակցիա անցկացվեց ի պաշտպանություն Հայաստանում ձերբակալված քաղաքական բանտարկյալների: Aravot.am-ը զրուցել է ակցիայի մասնակից, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ:

-Ի՞նչ եք պահանջում այս ակցիան կազմակերպելով:

-Արմեն Աշոտյան, Արթուր Վարդանյան, Սերոբ Գասպարյան եւ այլք: Ես թվարկեցի ընդամենը երեք քաղբանտարկյալի անուն: Բայց նրանք շատ են: Մեր իշխանությունները իրենց վախից տառապում են զառանցանքով: Անընդհատ իրենց թվում է, թե ինչ-որ խմբեր են ձեւավորվում, որոնք զինվում են, ֆինանսավորվում Ռուսաստանից կամ չգիտեմ ում կողմից, գալիս, փորձում են ներթափանցել կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին ու բռնազավթել իշխանությունը: Ես բազմիցս եմ ասել, որ Նիկոլին ֆիզիկապես ոչնչացնելով՝ ոչ մի հարց չի լուծվի: ՔՊ-ն ունի բացահայտ մեծամասնություն գործող ազգային ժողովում: Նրանք կպահեն իշխանությունը, Նիկոլին կսրբացնեն, կդարձնեն նահատակ եւ իշխանություն չի փոխվի: Իշխանությունը պետք է փոխվի ժողովրդի կամքով:

Դրա համար կա նախաձեռնություն՝ ձեւավորելու համահայկական միասնական խորհուրդ, մի շարք ազգային քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, անհատ գործիչների հետ միասին մի համաժողով կազմակերպել, ամբողջ Հայաստանով մեկ ոտքի հանել ժողովրդին եւ հեռացնել այսօրվա ապազգային, պարտվողական իշխանությանը: Սա է մեր ճանապարհը:

-Իսկ այսօր ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

-Ընդամենը բողոքի միջոցառում է: Մենք համագործակցում ենք «Համահայկական ճակատ» կուսակցության մեր գործընկերների, զինակից ընկերների հետ եւ այս միջոցառմանը մասնակցում ենք նրանց հրավերով:

-Կառավարությանը նամակ կամ գրավոր պահանջ ունե՞ք փոխանցելու:

-Գուցե: Բայց իմ մոտեցումը հետեւյալն է: Այս կառավարությունից ոչինչ պահանջել պետք չէ, բացի հեռացումից: Բայց կան քաղաքական ուժեր, հասարակական կառույցներ, որոնք այս կառավարությանն ինչ-որ պահանջներ ներկայացնում են: Նորից եմ կրկնում, բացի հեռացումից, այս կառավարությունից ոչինչ չենք պահանջելու: Սրանք պետք է հեռանան:

-Չե՞ք մտածում, որ այս հավաքն էլ կարող է դիտարկվել որպես կառավարության շենք ներթափանցելու եւ բռնություն կիրառելու հերթական փորձ:

-Մահափորձ կազմակերպելո՞ւ: Մենք ոչ զինված ենք, ոչ էլ Նիկոլին ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունենք: Վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելը իրենց ձեւակերպումն է: Ընդ որում, որպես մոտիվացիա տալիս են վարչապետի հետ գաղափարական թշնամանք ունենալը: Դատավարության ընթացքում ես բազմիցս այդ քննիչներին, մեղադրողներին պարզաբանել եմ, որ գոյություն չունի գաղափարական թշնամանք հասկացություն: Մենք Նիկոլի հետ ունենք գաղափարական տարաձայնություններ: Նիկոլի անձի դեմ ես ոչինչ չունեմ, որեւէ անգամ Նիկոլի հետ չեմ շփվել: Հեռակա կարգով ճանաչել ենք շատ վաղուց:

-Ձեր դատավարության մասին ի՞նչ կասեք:

-Երեկվա դատավարությունը նորից նույն ֆարսն էր, նույն մեղադրանքները, նույն ապուշությունները, նույն դատարկությունները: Դրա համար ես բարկացել եւ դուրս եմ եկել՝ հայտարարելով, որ չեմ ուզում այս թատերական ներկայացմանը մասնակցել:

-Հաջորդ դատական նիստին է՞լ չեք մասնակցելու:

-Հունվարի 30-ին նշանակված է դատական նիստ: Գնալու եմ: Ես դատավորին ասել եմ, որ ժամավաճառությամբ է զբաղվում, անգիր գիտի, որ կառավարության շենքի վրա որեւէ հարձակում չի եղել: Եթե նույն բանը կրկնվեց, էլի դուրս կգամ: Իմ դեպքը միակը չէ, էլի մարդկանց են կալանավորել: Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ: Մեր պահանջը դա է:

-Իսկ ի՞նչ կասեք Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատի մասին: Նրանք նո՞ւյնպես քաղբանտարկյալ են:

-Նրանք բոլորն էլ քաղբանտարկյալ են: Մենք միշտ էլ պահանջել ենք, որպեսզի մեր իշխանությունները միջազգային տարբեր ատյաններում բարձրացնեն Բաքվում ձերբակալված մեր պատանդների, գերիների հարցը: Բայց որեւէ անգամ մենք չենք լսել, որ Նիկոլ Փաշինյանը նման հարց բարձրացնի: Դրա համար մենք հանդես եկանք հայտարարությամբ, որ դիմում ենք Հայաստանի իրավապահ կազմակերպություններին, անհատ իրավապաշտպաններին, սփյուռքի մեր հայրենակիցներին, սփյուռքի անհատ իրավապաշտպաններին եւ կազմակերպություններին, որպեսզի բոլոր միջազգային ատյաններում բարձրացնեն Բաքվում ապօրինաբար կալանավորված մեր հայրենակիցների հարցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031